Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ները Տագանրոգում հարվածել են Ozon-ի պահեստին, Սիզրանում՝ նավթագործարանի, Կիևում տուժած կա

Լրացված
Բենզալցակայան Կիևում, ռուսական անօդաչու հարվածի հետևանքները, 15-ը սեպտեմբերի 2026 թ.
Բենզալցակայան Կիևում, ռուսական անօդաչու հարվածի հետևանքները, 15-ը սեպտեմբերի 2026 թ.

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը հարվածներ են փոխանակել: Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկիի շրջանում գտնվող բենզալցակայանի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տուժածի վիճակը ծանր է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը Արևմտյան Ուկրաինայում հարվածել են Եվրոպայից ռազմական բեռներ տեղափոխող երկաթուղային ենթակառուցվածքներին։

« Արևմտյան Ուկրաինայում շարունակվել են հարվածները եվրոպական երկրներից ռազմական բեռներ տեղափոխող երկաթուղային ենթակառուցվածքների դեմ», - ասվում է հայտարարությունում։

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ ռուսական զինուժը հարվածել է շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Մասնավորապես, հարվածներ են հասցվել բնակելի շենքերին, լոգիստիկ օբյեկտներին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Վնասվել են մասնավոր տների տանիքները, ճակատային մասերը և ապակեպատումը, ինչպես նաև տասնյակ ավտոտնակներ և մեքենաներ: Ոչ ոք չի տուժել:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարբեր շրջանների: Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ գիշերված հարձակման հետևանքով «վնասվել է արդյունաբերական օբյեկտներից մեկը»։ Նա չի նշել, թե որ օբյեկտի մասին է խոսքը։ Ուկրաինական լրատվամիջոցները և տեղական առցանց խմբերը հայտնում են, որ հարձակման է ենթարկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանը: Զոհեր չկան:

Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Տագանրոգը: Նրա փոխանցմամբ՝ վնասվել են առցանց առևտրի հարթակ Ozon-ի պահեստ, երկու բնակելի շենքերի պատուհաններ, երեք մասնավոր տուն, ուսհաստատություն, առևտրային շենք և այլ շինություններ։ Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել հարձակումը։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ երկրի օդային տարածքում սկսվել են ռազմական ավիացիայի գործողություններ։ Հրամանատարությունը պարզաբանել է, որ դա պայմանավորված է ռուսական ռեակտիվ անօդաչուների ակտիվությամբ, որոնք հարձակվում են Ուկրաինայի տարածքի վրա։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG