Մատչելիության հղումներ

Ուկրաինան բացահայտեց ռուսական ռազմական մեքենայի թուլությունը. արդյո՞ք ՌԴ-ն դեռ մնում է ռազմական երկրորդ գերտերությունն աշխարհում

Ուկրաինացի զինվորը զննում է ոչնչացված ռուսական տանկի մնացորդները։
Ուկրաինացի զինվորը զննում է ոչնչացված ռուսական տանկի մնացորդները։

Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորքն ուղարկում էր Ուկրաինա, Կրեմլը, կարծես, խաղադրույք էր կատարում արդեն ծանոթ մոդելի վրա, հույս ունենալով, որ խորհրդային ժամանակներից ժառանգած հսկայական զինանոցների և միջուկային զենքի վրա հենված ռուսական ռազմական ներուժը հեշտությամբ կհաղթահարի դիմադրությունը։

Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից չորսուկես տարի անց, սակայն, այդ ենթադրությունը գրեթե ամբողջությամբ ջախջախվել է։ Ուկրաինան կարողացավ դիմակայել, խափանեց Ռուսաստանի պլանավորած արագ հաղթանակը և հակամարտությունը վերածեց բարձր տեխնոլոգիական հյուծման պատերազմի։

Այն մշակել է նորարարության մի ցիկլ, որն, ըստ ամերիկյան անվտանգության և հետախուզության գծով փորձագիտական կենտրոնի վերլուծաբան Ջոշուա Հումինսկու, ավելի արագ է զարգանում, քան այն ամենն, ինչի վրա աշխատում են Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ի մյուս երկրները։

Փորձագետների կարծիքով՝ թեև Մոսկվան գնալով սկսում է ավելի շատ ապավինել Հյուսիսային Կորեայից ուղարկվող հրթիռներին և այլ զինամթերքին, ինչպես նաև զորքերին, դա չպետք է դիտարկվի որպես Ռուսաստանի փլուզման վկայություն, ոչ էլ որպես նշան, որ ռուսական բանակը պատերազմից դուրս կգա ավելի ուժեղացած։

Փորձագետների գնահատականները շատ ավելի բարդ պատկեր են ուրվագծում։

Ուկրաինան լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի կոնվենցիոնալ ուժերին և բացահայտել Մոսկվայի պլանավորման և դոկտրինայի խորը ձախողումները: Միևնույն ժամանակ, Մոսկվան շարունակում է հարմարվել մարտադաշտի պայմաններին, ընդլայնել զենքի արտադրությունը և դասեր քաղել մի պատերազմի մի տեսակից, որպիսին նախկինում երբեք չի վարել։

«Ռուսաստանի ցամաքային ուժերը Ուկրաինայում լրջորեն քայքայվում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հումինսկին: Սակայն նա զգուշացրել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունը միայն այդ տեսանկյունից գնահատելը «սխալ կլիներ»:

Հումինսկին նշել է, որ Ռուսաստանի Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը պահպանել են իրենց կարողությունները, մինչդեռ ՌԴ ռազմավարական միջուկային ուժերը մեծ մասամբ մնացել են անձեռնմխելի։ Նրա խոսքով՝ Մոսկվան պահպանում է նաև հզոր կիբեր և տիեզերական կարողություններ։

Հարցը, հետևաբար, այլևս պարզապես այն չէ, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհում երկրորդ ամենահզոր զինված ուժերն ունեցող երկիրը։ Խնդիրն այն է, թե Ուկրաինան որքանով է բացահայտել Ռուսաստանի ռազմական հզորության սահմանները, և արդյոք նոր պայմաններին Մոսկվայի հարմարվելու կարողությունը թույլ կտա Մոսկվային խուսափել իրավիճակից, երբ այդ թուլությունները կարող են վճռորոշ դառնալ։

Չստացված բլիցկրիգը և հարմարվելու համար մրցավազքը

Ռուսաստանի խնդիրները սկսվել են հենց Մոսկվայի սխալ հաշվարկներից։ Հումինսկու խոսքով՝ Պուտինի հետախուզական ծառայությունները

Ուկրաինան ներկայացրել էին որպես «թղթե տնակ», որը, ինչպես ակնկալվում էր, արագ կփլուզվեր։

Մինչդեռ Ուկրաինայի դիմադրությունը, Ռուսաստանի օպերատիվ ձախողումները, Արևմտյան օգնությունը և արագ հարմարվողականությունը հանգեցրին բոլորովին այլ պատերազմի։ Դրա առաջին վկայություններից մեկը դարձավ Կիևի մերձակայքում գտնվող Հոստոմել քաղաքի պաշտպանությունը, որի ժամանակ ուկրաինական ուժերին հաջողվել էր հետ մղել ռուսական էլիտար օդադեսանտային զորքերը։ Ուկրաինական փոքր ստորաբաժանումների մարտավարությունը և արևմտյան հակատանկային զենքի կիրառումը բացահայտեցին ռուսական տանկերի և զրահամեքենաների խոցելիությունը։

Այդ ժամանակվանից ի վեր անօդաչու թռչող սարքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և հեռահար

հարվածները վերափոխել են մարտադաշտը՝ տեղաշարժը դարձնելով առավել վտանգավոր և ստեղծելով «մահվան գոտի»՝ ռազմաճակատի ողջ երկայնքով։

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մարիա Սնեգովայան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ուկրաինան զգալի տեխնոլոգիական թափ է հավաքել՝ ավելի ու ավելի լայնորեն օգտագործելով անօդաչու թռչող սարքեր՝ մարդկային ռեսուրսների պակասը, առնվազն մասամբ, փոխհատուցելու համար։

Թեև այդ առավելությունն իրական է, Սնեգովայան հակված չէ այն մշտական համարելու։ Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում տեխնոլոգիական ոլորտում կողմերի միջև ուժերի հարաբերակցությունն արդեն մի քանի անգամ փոխվել է։ Ուկրաինան ներկայումս առաջ է անցել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում, սակայն Ռուսաստանը նախկինում մեկ անգամ չէ, որ կարողացել է հասնել Ուկրաինայի մակարդակին՝ մշակելով ԱԹՍ-ների հակազդման միջոցներ։

Այս ցիկլը արագանալու միտում ունի։ Այն, ինչ նախկինում շատ ավելի երկար էր տևում, այժմ ծավալվում է մի քանի ամսվա ընթացքում: Ահա թե ինչու ո՛չ Հումինսկին, ո՛չ էլ Սնեգովայան հակված չեն այս պատերազմը դիտարկելու որպես հնացած ռուսական բանակի նկատմամբ Ուկրաինայի տեխնոլոգիական առավելության պարզ պատմություն։

Երկու փորձագետներն էլ նկարագրում են շատ ավելի դինամիկ մրցակցություն. Ուկրաինան կարևոր տեխնոլոգիական թափ է հավաքել և բացահայտել Ռուսաստանի լուրջ թույլ կողմերը, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է հարմարվել և դասեր քաղել մարտադաշտից նույնիսկ այն դեպքում, երբ ռուսական ցամաքային ուժերը մեծ կորուստներ են կրում և ենթարկվում լուրջ դեգրադացիայի։

Հյուսիսային Կորեան լրացնում է բացերը

Մոսկվայի գործընկերությունը Փհենյանի հետ, թերևս, պատերազմի արտակարգ պահանջների ամենացայտուն օրինակն է: Հյուսիսային Կորեան մատակարարել է հրթիռներ և այլ զինամթերք, ինչպես նաև զորքեր է ուղարկել, որոնց մի մասը 2024 թվականին տեղակայվել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում՝ Ուկրաինայի անակնկալ ներխուժմանը դիմակայելու համար։

Մոսկվան մղում է հյուծման պատերազմ, որը մարդկային ուժի հետ մեկտեղ պահանջում է նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ «Ռուսաստանն իրականում կարողացել է շատ բան արտադրել», - ասել է Սնեգովայան՝ ընդգծելով, որ Մոսկվան «զգալիորեն մեծացրել է» մի շարք սպառազինությունների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, հակաօդային պաշտպանության, տանկերի և հրթիռների արտադրությունը։

Սակայն Ռուսաստանի ռազմարդյունաբերությանը չի հաջողվում լիովին բավարարել սպառազինության աճող պահանջարկը։ Սա, թերևս, բացատրում է Հյուսիսային Կորեայի դերը։

Հումինսկին էլ նշել է, որ հյուսիսկորեական զորքերի ներգրավումը օգնում է Մոսկվային լուծել մարդուժի պակասը, որը քաղաքականապես զգայուն խնդիր է Պուտինի համար։ Հյուսիսկորեական զորքերը կարող են օգտագործվել այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է պահել դիրքերը՝ խուսափելով համընդհանուր զորահավաք հայտարարելուց։

Հետևաբար, սա չի վկայում ո՛չ Ռուսաստանի ռազմական փլուզման, ո՛չ էլ հեշտ վերականգնվելու նրա կարողության մասին։ Սնեգովայայի խոսքով՝ Կրեմլը շարունակում է ընդլայնել արտադրական հզորությունները և պատրաստվել երկարատև պատերազմի։ Սակայն այդ ջանքերը կապված են ծախսերի հետ։ Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտը մեծապես ֆինանսավորվում է պետության կողմից, մինչդեռ պատերազմը շարունակելու համար աճող ծախսերը գնալով ավելի մեծ բեռ են դառնում տնտեսության համար։

Ուկրաինան փոխեց մաթեմատիկան, բայց ԱԹՍ-ները պատերազմում հաղթանակ չեն բերել

Պատերազմի սկզբում Ուկրաինայի համար մի լուրջ «անբարենպաստ» հանգամանք կար․ Կիևը չէր կարող Ռուսաստանի հետ մրցել տանկերի, արկերի կամ զինվորների թվաքանա

այլ տրամաբանություն ուներ՝թանկ թինտեխնիկան շարքից հանել էժան անօդաչու թռչող սարքերի և արագ մշակվող այլ համակարգերի միջոցով։ Այդ ռազմավարությամբ Ուկրաինան կարողացել է նաև զգալիորեն փոխհատուցել մարդկային ռեսուրսի պակասը։

Ուկրաինացի զինվորը անօդաչու թռչող սարք է պատրաստում՝ Դոնեցկի մարզի ռազմաճակատի մոտ թռիչքի համար:
Ուկրաինացի զինվորը անօդաչու թռչող սարք է պատրաստում՝ Դոնեցկի մարզի ռազմաճակատի մոտ թռիչքի համար:

Փորձագետները միաժամանակ ընդգծում են՝ այդ առավելությունն անսահմանափակ չէ՝ անօդաչու թռչող սարքերի կիրառումը չի վերացնում զինվորների անհրաժեշտությունը, իսկ Ուկրաինայի մարդկային ռեսուրսների խնդիրները շարունակում են լուրջ մնալ։ Պաշտպանական գոտին օգնում է պահպանել առաջնագիծը, սակայն միայն դա բավարար չէ պատերազմում հաղթելու համար։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հարմարեցնում է իր սեփական մեթոդները

նոր պատերազմին։ Սնեգովայան ռուսական բանակը նկարագրում է որպես մի ուժ, որը համատեղում է խորհրդային ոճի մոտեցումները և Խորհրդային Միությունից ժառանգած արտադրական հզորությունները անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և արագ զարգացող մարտական պրակտիկայի հետ։

Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում և բախվում է իր տնտեսության վրա աճող ճնշմանը։ Սակայն այն պահպանում է որոշ ասիմետրիկ առավելություններ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հսկայական քանակություն տեղակայելու կարողությունը, դրանց օգտագործման փորձը և մարտական ստորաբաժանումների ու օպերատորների կողմից կուտակված մարտադաշտի տվյալների հսկայական քանակը։

Հումինսկին նշել է, որ արևմտյան երկրները «պետք է ոչ միայն նայեն, թե ինչ է անում

Ուկրաինան, այլև ուշադրություն դարձնեն, թե ինչ է անում Ռուսաստանը», ինչ դասեր է այն քաղում և ինչպես է հարմարվում իրավիճակին։ «Եթե մենք դա չանենք, այլ պարզապես համարենք, որ ռուսական ուժերը քայքայված են, դա հետագայում կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեզ համար», - ասել է նա։

Նովոռոսիյսկի դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է պատերազմը ընդլայնվում

Ուկրաինայի տեխնոլոգիական հարմարվողականությունը նույնպես փոխում է պատերազմի աշխարհագրությունը։

Սև ծովում Ուկրաինան բազմիցս սպառնացել է ռուսական ռազմածովային ուժերին և ենթակառուցվածքներին, չնայած հակամարտության սկզբում իր նավատորմը չէր կարող որևէ կերպ մրցել Ռուսաստանի նավատորմի հետ։ Թեև Ռուսաստանը իր ռազմածովային միջոցները Ղրիմից ավելի հեռու տեղափոխեց, Ուկրաինայի՝ ավելի արևելքում գտնվող ռուսական ռազմածովային կենտրոն Նովոռոսիյսկին հարվածելու կարողությունը ցույց տվեց, որ ռազմաճակատից ավելի հեռու գտնվելը դեռ չի երաշխավորում անվտանգությունը։

«Ռուսական նավատորմը այս պահին անկասկած շատ մեծ վտանգի տակ է Սև ծովի ցանկացած հատվածում», - ասել է Սնեգովայան։

Սա ռազմավարական նշանակություն ունի։

Ուկրաինան ավելի ու ավելի է համատեղում իր պաշտպանական ջանքերը ռազմաճակատում Ռուսաստանի ներսում ռազմական և այլ թիրախների դեմ ուղղված հեռահար հարվածների հետ՝ ձգտելով վնաս հասցնել մարտադաշտից դուրս։

Սնեգովայան նշել է, որ այս հարվածները նպաստել են, որ Ռուսաստանի ներսում աճի անհանգստությունն ու պատերազմի

դադարեցման պահանջը։ Սակայն, նա զգուշացրել է, որ հասարակական կարծիքը մեծ նշանակություն չունի Կրեմլի որոշումների կայացման գործում։ Պուտինի խոսքն է այս հարցում մնում գեակա։

Նրա խոսքով՝ թեև Ուկրաինան ներկայումս տեխնոլոգիական առումով զգալի առաջընթաց է գրանցել, Ռուսաստանը, այնուամենայնիվ, շարունակում է արձագանքել՝ այդ թվում մշակելով ավելի արագ ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր և տեխնոլոգիական սահմանափակումները հաղթահարելու այլ միջոցներ։

Քայքայված, բայց մահաբեր

Այս պատերազմի ընթացքում ռազմական հզորության ավանդական չափանիշները լուրջ փորձության են ենթարկվել։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ Ռուսաստանը հսկայական կորուստներով անգամ չի դադարել լինել հզոր ռազմական տերություն։

Ուկրաինան կոտրել է այն առասպելը, թե ռուսական բանակի մարդկային ուժի և սպառազինության քանակն ինքնին բավարար է հաղթանակը երաշխավորելու համար։ Այն ցույց է տվել, որ ավելի փոքր բանակը կարող է դիմադրողականության, արագ նորարարությունների և համեմատաբար էժան տեխնոլոգիաների օգնությամբ հսկայական կորուստներ պատճառել շատ ավելի մեծ ներուժ ունեցող հակառակորդին:

Այնուամենայնիվ, Ռուսաստանը դեռևս ունի Ուկրաինայից զգալիորեն ավելի մեծ ռեսուրսներ, հզոր ռազմարդյունաբերական բազա, միջուկային ուժեր և ռազմական կարողություններ, որոնք շատ ավելին են, քան ուկրաինական պատերազմում հյուծվող ցամաքային զորքերը։

Ռուսաստանի կողմից օկուպացված Վուլեդար քաղաքը Ուկրաինայի Դոնեցկի մարզում:
Ռուսաստանի կողմից օկուպացված Վուլեդար քաղաքը Ուկրաինայի Դոնեցկի մարզում:

Դա չի նշանակում, որ Ռուսաստանը հաղթում է հարմարվողականության գործընթացում։ Սնեգովայան շեշտել է, որ Ուկրաինան ներկայումս ունի տեխնոլոգիական թափ, մինչդեռ Ռուսաստանի տնտեսությունը և ռազմաարդյունաբերական ցանցը բախվում են աճող խնդիրներին։ Նա նաև նշել է, որ վերլուծական կոնսենսուս չկա այն հարցի շուրջ, թե արդյոք Ռուսաստանը դեռևս կարող է համարվել աշխարհի երկրորդ ամենահզոր բանակ ունեցող երկիրը։

Արևմուտքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության կայունությունը, վերջին հաշվով, կարող է լինել ամենակարևոր փոփոխականներից մեկը։ Սնեգովայան ասել է, որ Ուկրաինան բազմիցս գերազանցել է սպասելիքները, սակայն պայքարը շարունակելու նրա կարողությունը շարունակում է մեծապես կախված լինել արտաքին ֆինանսական, տեխնոլոգիական, հետախուզական և ռազմական աջակցությունից։

Հումինսկու ավելի լայն եզրակացությունն այն է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կդառնան աշխարհի ամենամեծ մարտական փորձն ունեցող և ռազմի դաշտում ամենակոփված բանակներ ունեցող երկու երկրները։

Այն, թե արդյոք Ռուսաստանի քաղած դասերը բավարար են իր կորուստները փոխհատուցելու համար, և արդյոք Ուկրաինան կարող է պահպանել նորարարության իր արտասովոր տեմպը, կարող է մեծապես կանխորոշել պատերազմի ելքը։

XS
SM
MD
LG