Մատչելիության հղումներ

Զոհեր, տասնյակ վիրավորներ Պավլոգրադին ռուսների հասցրած հարվածի հետևանքով

Ուկրաինա - Դեպքի վայրում, Պավլոգրադ, 10-ը սեպտեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Դեպքի վայրում, Պավլոգրադ, 10-ը սեպտեմբերի, 2026թ.

Առնվազն յոթ մարդ զոհվել է, 76-ը՝ վիրավորվել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքին ռուսների հասցրած հարվածի հետևանքով: Այս մասին հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:

Վիրավորների թվում երեք անչափահաս կա՝ 13, 14 և 15 տարեկան:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածը հասցվել է «Գուլիվեր» առևտրի կենտրոնին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդել է, որ հարվածից հետո հրդեհվել են խանութ, առևտրի տաղավարներ և ավտոմեքենաներ: Հետևանքները վերացնելիս տուժել են երկու փրկարարներ, նրանք հոսպիտալացվել են:

Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետ Իվան Վիգովսկին հայտարարել է, որ վերջին շրջանում ռուսական զորքերն ուժեղացրել են հարվածները Դնեպրոպետրովսկում պարենի պահեստներին, բնակելի թաղամասերին, գնացքներին և առևտրի կենտրոններին: Նրա տվյալներով, տարվա սկզբից տարածաշրջանին ավելի քան 18 հազար հարված է հասցվել՝ առավելապես անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ռուսաստանը Պավլոգրադին հասցված հարվածի մասին տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանել:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարբեր հատվածներին: Վոլգոգրադի մարզում հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք, երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել, հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Վոլգոգրադի հարավում գտնվող արդյունաբերական օբյեկտի տարածքում, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Անօդաչուների հարձակմանն են ենթարկվել Սարատովում գտնվող Ozon առցանց աևտրի հարթակի լոգիստիկ կենտրոնը և առաքման կենտրոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ «անօդաչուի հարձակումը վնաս է հասցրել Սարատովի քաղաքացիական ենթակառուցվածքներին»։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե որ օբյեկտի մասին է խոսքը։


XS
SM
MD
LG