Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարել է՝ «լրացուցիչ տվյալների վերլուծության արդյունքներով» հաստատում է, որ սեպտեմբերի լույս 9-ի գիշերը Նովոռոսիյսկի նավահանգստին հասցված հարվածով խոցվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի առնվազն երեք նավ՝ «Ադմիրալ Էսսեն» հածանավը, «Ժելեզնյակով» ականազերծող նավը և «Պյոտր Մորգունով» դեսանտային նավը:
Ռուսական կողմը հաղորդագրությունը չի մեկնաբանել, անկախ աղբյուրներից այդ տվյալները ճշտել հնարավոր չէ:
«Ադմիրալ Էսսեն»-ի խոցման մասին Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հաղորդել էր երեկ:
Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն նաև հաստատել է հարվածը Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայի նավահանգստին անցած գիշեր: Հաղորդագրության համաձայն՝ տարածքում հրդեհ է բռնկվել, վնասը ճշտվում է:
Խոսքը Կասպից ծովում Ռուսաստանի միակ չսառչող խորջրյա նավահանգստի մասին է: Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, թե նավահանգիստն առանցքային դեր ունի այդ թվում Իրանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ռազմական բեռների փոխադրման գործում:
Դաղստանի իշխանությունները հաստատել են անօդաչու թռչող սարքերի գրոհը նավահանգստի վրա, ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել: