Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից 3 կտավ են գողացել՝ 10.5 մլն դոլար արժողությամբ

Գողությունից հետո ոստիկանը կանգնած է Ռենուարի թանգարանի մուտքի առջև, 8-ը սեպտեմբերի, 2026 թվական, լուսանկարը՝ Վալերի Հաշեի / AFP
Գողությունից հետո ոստիկանը կանգնած է Ռենուարի թանգարանի մուտքի առջև, 8-ը սեպտեմբերի, 2026 թվական, լուսանկարը՝ Վալերի Հաշեի / AFP

Ֆրանսիայում Օգյուստ Ռենուարի թանգարանից երեք կտավ են գողացել, հայտնում է Reuters-ը՝ Կանյ-սյուր-Մերի քաղաքապետին հղում անելով:

Բրայան Մասոնը հայտնել է, որ կողոպտիչները թանգարան են ներխուժել առավոտյան ժամը 6-ից մի փոքր առաջ և գողացել չորս կտավ։ Թանգարանում աշխատել է ազդանշանը, ինչից հետո ժամանել է ոստիկանությունը և հետապնդել նրանց: Հետապնդման ժամանակ չարագործները գցել են նկարներից մեկը։ Ոստիկանությանը, սակայն, չի հաջողվել բռնել չարագործներին:

Քաղաքապետարանը հայտնում է, որ գողացված արվեստի գործերի գնահատված արժեքը կազմում է 9 միլիոն եվրո (10.5 միլիոն դոլար), սակայն չի նշել, թե որ կտավներ են գողացվել: Ռենուարի 13 նկարներից բացի, թանգարանում պահվում են նաև այլ նկարիչների աշխատանքներ։

Մինչդեռ ֆրանսիական մամուլը գրում է, որ խոսքը հետևյալ կտավների մասին է՝

  • «Մադամ Պիչոնի դիմանկարը» (1895 թ.)
  • «Մադամ Կոլոնա Ռոմանոյի դիմանկարը» (1910 թ.)
  • «Կոկոն կարդալիս» (1905)
  • «Երիտասարդ աղջիկ ջրհորի մոտ»

Եվրոպոլը անցյալ ամիս հայտարարել էր, որ Եվրոպայում արվեստի գործերի գողերը ավելի շատ բռնի կողոպուտներ են կատարում, և մասնագիտացված խմբավորումները փոխարինվել են սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրված պատահական արկածախնդիրներով:

Եվրոպոլը նշել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի Լուվրի թանգարանում կատարված կողոպուտը դրա վառ օրինակն էր, երբ գողերը սպառնացել էին պահակներին և այցելուներին և գողացել 88 միլիոն եվրոյի (102.3 միլիոն դոլար) արժողությամբ զարդեր:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG