Մոսկվայի Գոլովինսկի շրջանային դատարանը «Պյատյորոչկա» պարենային խանութների ցանցի 46-ամյա աշխատակցուհի Ելենա Ալբեգովային երեք տարվա ազատազրկման է դատապարտել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին 100 ռուբլի (շուրջ 1.15 դոլար) նվիրատվություն կատարելու համար, հաղորդում է «Մեդիազոնա»-ն: Ըստ պարբերականի՝ կինը մեղավոր է ճանաչվել «ծայրահեղական» գործունեության ֆինանսավորման հոդվածով:
Ալբեգովային ձերբակալել են հունիսի վերջին, հուլիսի սկզբին՝ կալանավորել:
Կինը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հակակոռուպցիոն ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու մասին առաջին անգամ տեղեկացել է 2015 թվականի տարածաշրջանային ընտրությունների ժամանակ, իսկ 2018-ին հետաքրքրվել է կառույցի հետաքննություններով:
«Մեդիազոնա»-ն նշում է, որ սա երկրորդ հայտնի դեպքն է, երբ կինը իրական ազատազրկման է դատապարտվում Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին նվիրատվության համար:
2021 թվականին Մոսկվայի քաղաքային դատարանը «ծայրահեղական» կազմակերպություն է ճանաչել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, ինչից հետո ռուսաստանյան իշխանությունները սկսել են հետապնդել հիմնադրամի աշխատակիցներին և նվիրատուներին: Այս տարվա ապրիլի դրությամբ, «Մեդիազոնա»-ի տվյալներով, Ռուսաստանի ամբողջ տարածքում 225-ից ոչ պակաս քրեական գործ էր հարուցված նվիրատվությունների փաստերով: Անցած տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմնադրամի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների հետապնդումները ճանաչել է ապօրինի և քաղաքական շարժառիթներով իրականացված:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենախիստ քննադատ Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024-ի փետրվարին Արկտիկայի բանտային գաղութում, որտեղ կրում էր իր պատիժը՝ դատապարտված լինելով 19 տարվա ազատազրկման։ Ընդդիմադիր գործչի ընտանիքը պնդում է, որ նրան բանտում թունավորել են, ամիսներ առաջ էլ եվրոպական հինգ երկրներ հայտարարեցին, որ Նավալնին սպանվել է էկվադորյան գորտի թույնից: