Գիշերը Ռուսաստանի Վորոնեժի տարածաշրջանում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են․ ընկնող բեկորները երկու պահեստում հրդեհների բռնկման պատճառ են դարձել, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Վորոնեժ քաղաքի և մարզի հինգ շրջանների օդում 15 անօդաչու են վնասազերծել։
«Անօդաչուների անկումը հրդեհներ է առաջացրել խոշոր ընկերության երկու պահեստներում: Օբյեկտներից մեկում 16 հազար քառակուսի մետր տարածքի վրա հրդեհի տարածումը մեկուսացվել է, իսկ մյուս օբյեկտում, որը 20 հազար քառակուսի մետր տարածք է ընդգրկում, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Արտակարգ իրավիճակների ծառայությունները գտնվում են դեպքի վայրում», - տեղեկացրել է Գուսևը։
Պաշտոնյան չի մանրամասնել, թե կոնկրետ որ ընկերությունն է տուժել, սակայն այսօր ավելի վաղ ռուսական Wildberries առցանց խանութ-սրահը հայտնել է, որ անվտանգության պահանջներին համապատասխան՝ Վորոնեժի մարզում գտնվող իր լոգիստիկ կենտրոնները տարհանվել են:
Wildberries-ը հուլիսից ուկրաինական թիրախում է հայտնվել։ Տուժել են ընկերության լոգիստիկ կենտրոններն ու պահեստները, ինչպես նաև տնտեսվարողները, այդ թվում՝ հայ։
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել 20 մարդ։