Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Ռուսաստանի մի շարք շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մերձակայքին։ Տեղական իշխանությունները հայտնել են զոհերի և վիրավորների մասին, իսկ անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ թիրախում կրկին Wildberries ընկերության պահեստներն էին։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ Չեխով քաղաքի արդյունաբերական գոտում դրոնային հարձակման հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ վեց մարդ։ Նրա խոսքով՝ մի քանի հրդեհ է բռնկվել, այդ թվում՝ պահեստում, վնասվել են նաև էլեկտրական ենթակայանն ու վարչական շենքը։
Թե որ պահեստն է հարվածի ենթարկվել, պաշտոնապես չի նշվում։ Սակայն ռուսական անկախ ASTRA-ն հայտնում է, որ Չեխովում Wildberries-ի պահեստներն են թիրախավորվել։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն էլ հայտնել է Կրասնի Բոր բնակավայրում պահեստային գոտու վնասման և մեկ վիրավորի մասին։ ASTRA-ի փոխանցմամբ՝ այնտեղ հրդեհ է բռնկվել այն տարածքում, որտեղ պահեստներ ունեն Wildberries-ը և «Լենտա» մանրածախ առևտրի ցանցը։ Ավելի ուշ Wildberries-ը հաստատել է, որ Կրասնի Բորում իր պահեստում հրդեհ է բռնկվել դրոնային հարձակման հետևանքով։
Ուկրաինական ուժերը հուլիսի 18-ից պարբերաբար հարվածում են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Ռուսաստանի տարբեր շրջաններում։ Ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ կենտրոնները ներգրավված են ռուսական բանակի մատակարարման շղթայում՝ ապահովելով անօդաչու սարքերի բաղադրիչների, նավիգացիոն համակարգերի և այլ սարքավորումների տեղափոխումը։
Ռուսական Forbes-ի գնահատմամբ՝ հուլիսին Wildberries-ը կորցրել է իր պահեստային հզորությունների առնվազն 17 տոկոսը, իսկ վնասը կազմել է շուրջ 280 միլիարդ ռուբլի։