Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ հաղորդակցությունն «այս պահին շատ բարդ է», AFP-ի փոխանցմամբ՝ նախօրեին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իր հետ հաղորդակցվելն այս պահին շատ բարդ է, սակայն բոլոր դեպքերում, իր ներկայությունը ամրության մեծ աղբյուր է մեզ համար, որպեսզի շարունակենք», - ասել է Փեզեշքիանը։
Իրանի փաստացի ղեկավարի պաշտոնում հորը փոխարինած Մոջթաբա Խամենեին մարտին պաշտոնն ստանձնելուց ի վեր հանրության առջև չի երևացել։ Ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների ժամանակ նա վիրավորվել էր։
Հոր՝ Ալի Խամենեիի հիշատակի հրապարակային միջոցառումներին նույնպես նա բացակայում էր։
Կրտսեր Խամենեին Իրանի ժողովրդին դիմել է գրավոր ուղերձներով։ ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում նրա սակավաթիվ հրապարակումները ենթադրությունների տեղիք են տվել, որ նա լարված հարաբերություններ ունի երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այդուհանդերձ, նախագահ Փեզեշքիանը պաշտպանել է Խամենեիին՝ ընդգծելով, որ իրեն հաջողվել է արդյունավետ հանդիպումներ ունենալ Գերագույն առաջնորդի հետ։
«Ցավոք, ներկա իրավիճակը որոշ չարամիտ մարդկանց թույլ է տալիս նրան այլ կերպ նկարագրել և նրա մասին այլ պատկերացում ձևավորել», - նշել է Փեզեշքիանը։
Նախագահը օգոստոսի 4-ին նաև իր հրաժարականի մասին շահարկումներին էր անդրադարձել՝ հերքելով դրանք և պնդելով, որ ասեկոսեների նպատակն է տպավորություն ստեղծել, թե գերագույն առաջնորդն այլ բան է ասում, իսկ կառավարությունն՝ այլ։