Մատչելիության հղումներ

Կա՛մ գործարք, կա՛մ «գլխատում»․ Թրամփը խոսում է Իրանին տրված «վերջին շանս»-ի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, 3-ը օգոստոսի, 2026թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, 3-ը օգոստոսի, 2026թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ հինգամսյա պատերազմին վերջ դնող գարծարք կնքելու համար Իրանին «վերջին շանսն» է տրվել, հակառակ դեպքում՝ երկրին «գլխատում» է սպասվում։

«Կարծում եմ՝ երևի ինչ-որ բան կստանանք, բայց ուզում եմ նրանց հնարավոր բոլոր վերջին շանսերը տալ, նախքան [նրանց] գլխատումը», - Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Թրամփը՝ վերահաստատելով Իրանին ուղղված ռազմական սպառնալիքը։

Թրամփը դարձյալ պնդել է, թե գործարքի ուղղությամբ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, թեև Թեհրանից հերքել են, թե Վաշինգտոնի հետ բանակցություններ էին նախատեսված։

«Դրանք հենց հիմա ընթանում են», - վստահեցրել է Թրամփը՝ պնդելով, թե բանակցությունները տեղի են ունենում Իրանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների խնդրանքով։

«Սա գործարք կնքելու նրանց վերջին հնարավորությունն է»։

Մինչ այդ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային նախօրեին հայտարարել էր՝ Իրանը ներկայումս բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ և այժմ Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով ժամանակավոր անվտանգ անցուղու ստեղծման հարցը։

Բանակցությունների վերաբերյալ հակասող տեղեկությունները սկսեցին տարածվել կիրակի՝ Իրանի դեմ ծրագրված նոր հարձակումը չեղարկելու մասին նախագահ Թրամփի որոշումից հետո։

Միաժամանակ, համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցը շարունակում է հիմնականում անանցանելի մնալ։

Հաղորդվում է, որ պատերազմի մեկնարկից հետո Թեհրանի կողմից փաստացի փակ պահվող ջրային ուղում` Օմանի ափին մոտ, անհայտ արկի կողմից բեռնանավ է խոցվել։ Այլ մանրամասներ առայժմ չկան։


XS
SM
MD
LG