Մատչելիության հղումներ

Վագրի արթնանալուց մինչև առյուծի անկում. մասնագետները «զգուշացրել էին, որ քնեցումը ռիսկային է»

Գիշատիչների քնեցումն ու տեղափոխությունը ռիսկային է. Կենդանաբանական այգու մասնագետներն այս մասին զգուշացրել են քննիչներին, տեղեկացրին այգու կառավարման խորհրդի նիստի մասնակիցները։

Երեկ օրվա երկրորդ կեսին էր նիստը հրավիրվել։ Օրակարգի առաջին հարցը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծի քնելն ու չարթնանալն էր։ Այգու Կառավարման խորհրդի կազմում մասնագետ գիտնականներ են ու Երևանի ավագանու խմբակցությունից մեկական անդամ:

Քննարկումը փակ էր ավագանու ընդդիմադիրներից Նարե Արամյանը հետո պատմեց՝ այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը ներկայացրել է գիշատիչների քնեցման ընթացքը։ Առյուծի անկումից հետո մի շարք կենդանաբույժներ կասկածներ էին հայտնել՝ արդյոք քնեցումն ըստ պրոտոկոլի է իրականացվել։ Այգու մասնագետների ձեռքի տակ եղել է քնածներին արթնացնելու համար նախատեսված դեղորայք։

Կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանն ուշադիր լսել է այն, ինչ զեկուցել է այգու փոխտնօրենը տեղափոխման գործընթացի վերաբերյալ։ Վստահ արձանագրում է՝ խախտում քնեցման գործընթացում այգու մասնագետները թույլ չեն տվել, քնաբեր դոզաները եղել են ըստ սահմանված կարգի։

«Խոսք էր գնում՝ երկու անգամ են քնացրել այդ էգին, այդպիսի տարբերակ չկա, մի անգամ են քնացրել: Երիտասարդ վագրին են երկու անգամ քնացրել, քնացրել են, տեսել են, որ արթնանում է արկղի մեջ, մի հատ էլ այդ ժամանակ», - ասաց կառավարման խորհրդի նախագահը։

Մանվելյանի խոսքից հասկացանք, որ Ծառուկյանի վագրերից մեկը քնաբերից հետո արթնացել է։ Սա այն է, ինչի մասին ավելի վաղ ահազանգում էր Նարե Արամյանը՝ խոսելով այն շտապողականության մասին, որով քննիչները գործի էին անցել ու տեղահանել գիշատիչներին։ Չէ՞ որ նրանք կարող էին ավելի վաղ արթնանալ ու ուղղակի հոշոտել ում պատահի։ Այսօր էլ պնդեց` այս գործընթացի գլխավոր հարցը՝ հենց իրավապահների մոտեցումն է՝ արագ քնեցնել կենդանիներին ու ապահովել տեսարան։

«Քննչական մարմինները ունեին բոլոր հնարավորությունները այդ տեղում, անգամ կապարակնքված վիճակում թողնելու կենդանիներին և շարունակելու դրանց խնամքը, ինչպես կիսաազատ պայմաններում պահվող այսօր, այս պահին այլ կենդանիների շուրջ։ Վայրի կենդանիների առգրավումը կարող եմ միանշանակ գնահատել որպես ուղղակի քամահրանք, քմահաճույք, որովհետև որևէ կերպ, որևէ հիմնավորում ունենալ այն չի կարող», - ասաց Արամյանը։

Ավագանու ընդդիմադիր անդանը պնդում է՝ առյուծի անկման պատասխանատուներին պետք է փնտրել հենց իրավապահների շրջանում։

Ի տարբերություն Արամյանի, կառավարման խորհրդի մյուս անդամները իրավապահների շտապողականության մասին չեն խոսում։

Խորհրդի նախագահն, այնուամենայնիվ, հաստատում է՝ էգ առյուծը, ճիշտ է, հիվանդություններ ուներ, բայց տեղափոխության զոհը դարձավ։ Մանվելյանը չի ընդունում այգու մասնագետներին ուղղված մեղադրանքը, որ քնեցնելուց առաջ կենդանիները չեն հետազոտվել, ասում է՝ անհնար է եղել։

«Անասնաբուժական փաստաթուղթ պետք է ունենա՝ ինչ հիվանդություններ են և այլն, նման փաստաթղթեր ոչ մեկը չի ներկայացրել, դա մեկ։ Եթե նախապես պետք է հետազոտություն անեին, դա գիշատիչ կենդանի է, 150-200 կիլոանոց հզոր կենդանի է, ո՞վ կմտնի մոտը ռենտգեն ապարատով այրուտից ինչ-որ ռենտգեն անի կամ բան, անհնարին բան, ուրեմն պետք է քնացնել, չէ՞», - ասաց նա։

Նիստի մասնակիցները պատմեցին, որ կոմպրոմիս է եղել մի հարցում՝ այգու մասնագետներն իրենց գործը պատշաճ են արել։

Ինչո՞ւ են իրավապահները որոշել ծանրաքաշ ու վտանգավոր գիշատիչների քնեցումն ու տեղափոխությունն ապահովել ժամերի ընթացքում։ Ինչո՞ւ են անտեսել մասնագետների զգուշացումը։ Կառավարման խորհրդի քարտուղարն ասում է՝ այս հարցերին չեն անդրադարձել, որովհետև դրանք քրեական գործի շրջանակում պիտի քննվեն։




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG