Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Թրամփին ուղղված ուղերձում Փաշինյանն ընդգծել է Վաշինգտոնի դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.- «Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլև երկարամյա բարեկամությամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում, պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում»։

Փաշինյանն ընդգծել է, որ TRIPP-ը լինելու է խաղաղության կարևոր գրավականը և «ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան»։

«Վստահ եմ, որ մեր համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Փոխնախագահ Վենսին ուղղված ուղերձում Փաշինյանը հիշատակել է փետրվարին փոխնախագահի Հայաստան կատարած այցը. «Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում գործընկերությանը զարկ տալուց զատ՝ Ձեր այցը դարձավ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության առհավատչյան՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում մեր կապերի ընդլայնման համար»,- նշվում է վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

XS
SM
MD
LG