Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է ՍԴ որոշմանը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այսօր հայտարարեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: Հույս ունեն, որ Բարձր դատարանը կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու որոշում կկայացնի, նշեց նա:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ըստ Կարապետյանի, սպասվում է ընդդիմության լիդերների հանդիպում:

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ից քննում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ 7 քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ուժեղ Հայաստան»-ի դիմումները, որոշումը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

Սամվել Կարապետյանը չհամաձայնեց, թե միայն «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել համախմբման իր առաջարկը: Ասաց, թե «շատ ուժեր» են արձագանքել, թեև այդ ուժերի անունները չտվեց:

«Այդ ուժերին դուք կտեսնեք, երբ այդ հավաքը լինի», - վստահեցրեց Կարապետյանը՝ հայտնելով, թե այս պահին էլ ընդդիմադիր լիդերներների հետ քննարկումներ ընթանում են:

Մինչև հուլիսի վերջ նաև որոշում կկայացնեն՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ, ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

Սամվել Կարապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց աջակիցների 60 տոկոսը իրենց վերջին հանդիպման ժամանակ ասել են, թե ցանկանում են, որ «Ուժեղ Հայաստան»-ը վերցնի մանդատները: Ինքը դաշինքի առաջնորդը դեռ վերջնական որոշում չունի:

Թե ինչ ժամկետում է ծրագրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Կարապետյանը հրաժարվեց կոնկրետ նշել:

Ինչ վերաբերում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհային քարտեզին, ապա ռուսաստանաբնակ գործարարն ասաց, թե «օրը կգա՝ մարդիկ կիմանան»:

Սամվել Կարապետյանը հեգնեց, թե իր կոչին անգամ Նիկոլ Փաշինյանն է միացել՝ հորդորելով քաղաքացիներին դուրս գալ փողոց. - «Մարդը կոչ է անում ԱԺ ամբիոնից՝ «ինձ վռնդեք»:

Կարապետյանը պնդեց՝ եթե նույնիսկ իրենք որևէ բան չանեն, Փաշինյանն ինքն է իրեն հեռացնելու. - «Իր մոտ ամեն օր լինելու են ձախողումներ, և հայ ժողովուրդը ամեն օր տեսնելու է դա ու իր գնահատականը տալու»:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG