ԱՄՆ նախագահը հակադարձել է իր հասցեին քննադատությանը, թե Իրանի նկատմամբ բավականաչափ կոշտ դիրքորոշում չի որդեգրել, և պաշտպանել Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնագիրը։
Որպես իր մոտեցման արդյունավետության ապացույց՝ Դոնալդ Թրամփը մատնացույց է արել ֆոնդային շուկայի ռեկորդային աճը և նավթի գների անկումը։
«Այն ապուշները, որոնք կարծում են, որ ես բավականաչափ խիստ չեմ եղել Իրանի նկատմամբ, երբ ֆոնդային բորսան նոր է հասել ռեկորդային բարձրակետի, իսկ նավթի գները անկում են ապրում, կամ նախանձ են, կամ վատ մարդիկ, կամ հիմար»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Թրամփը գրառումն արել է ամերիկացի քաղաքական որոշ գործիչների քննադատության ֆոնին, որոնք կասկածի տակ են դրել, թե արդյոք Թեհրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը բավարար հաղթանակ է Վաշինգտոնի համար։
Դոնալդ Թրամփն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ են հեռավար կարգով ստորագրել շրջանակային համաձայնագիրը։ Վաղն էլ երկու երկրները միջնորդների միջոցով պետք է շարունակեն բանակցությունները Շվեյցարիայում։