Սահմանադրական մեծամասնություն ստանալու՝ ՔՊ-ի ակնկալիքը ԿԸՀ նախնական արդյունքներով չարդարացավ, բայց իշխանությունը, ինչպես պնդում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, նոր Սահմանադրության գաղափարից չի հրաժարվել:
Նաև նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար էին Փաշինյանն ու թիմը ձգտում սահմանադրական մեծամասնության, քանի որ նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանի առնվազն 2/3-ի ձայնն է անհրաժեշտ:
Այսինքն, իշխանությունը շատ լուրջ դժվարություններ կունենա նոր Սահմանադրության ընդունում նախաձեռնելու համար: Բայց թե ինչպե՞ս են առանց մեծամասնության լուծելու այս հարցը, իշխանական պատգամավորներն այսօր չէին մանրամասնում:
«Դրա շուրջ քննարկումներ ունենալը դեռ վաղ է, կարծում եմ՝ պետք է օգոստոսին ձևավորվի նոր խորհրդարանը, այնուհետև մենք ունենանք ավելի առանցքային, ավելի հանգիստ պայմաններում քննարկումներ ու անցնենք սահմանադրական փոփոխությունների, նոր Սահմանադրության ընդունմանը», - նշեց Վահե Ղալումյանը:
Գիշերային ճեպազրույցում վարչապետն էլ չհստակեցրեց՝ ինչպե՞ս են հասնելու նոր Սահմանադրության հանրաքվեի, նրա թիմից Վահե Ղալումյանն էլ չէր հստակեցնում՝ «հարցը կառաջանա, լուծման մասին կմտածեն» հիմնավորմամբ:
«Մենք միանձնյա կառավարություն ենք ձևավորելու, այդքանը բավարարում է», - ասաց նա:
Ե՞րբ է պատկերացնում հանրաքվեն, Փաշինյանը մինչև ընտրությունները չէր նշել, ընդհանուր ասել էր՝ հունիսի 7-ից հետո: Իշխանականներն այսօր էլ չէին շտապում ժամկետ նշել:
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պահանջն է, ադրբեջանցիներն այնտեղ չեն ուզում տեսնել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորման մասին խոսք կա:
Փաշինյանն իր տեսակետը չի թաքցրել՝ Անկախության հռչակագիրն ինքն անձամբ կոնֆլիկտածին է համարում:
Քարոզարշավի ընթացքում ՔՊ-ից մեկ անգամ չի հնչել տեսակետ, որ իրենք Ազգային ժողովում այսօրվանից ավելի մեծ ներկայացվածությունը իրատեսական են համարում: 21-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ուներ սահմանադրական մեծամասնություն՝ այսինքն խորհրդարանի ձայների 2/3-ը, որն անհրաժեշտ է ոչ միայն սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ նախագիծ ընդունելու, այլև, օրինակ, հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու համար:
Իշխանականներն այսօր շատ տրամադրված չէին խոսելու՝ նաև ընտրական անքուն գիշերվա պատճառաբանությամբ: Հարցազրույցից չհրաժարվողները պնդում էին՝ գոհ են ընտրության արդյունքից, նրանց թվում՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
«Ես չեմ կարող որևէ կերպ դժգոհ լինել այս արդյունքներից, ընդդիմությանը մեկնաբանելու ցանկություն չունեմ, իմ տրամադրությունը չի համապատասխանում ընդդիմությանը», - ասաց Վարդանյանը:
Սարգիս Խանդանյանն էլ ասաց. «Ընդդիմությունը իր մեղադրանքները հիմնավորելու որևէ հնարավորություն չունի, հարյուրներով քրեական գործեր կան ու կալանավորված անձինք: Իրավական գնահատականը ժամանակին կտրվի իրավապահների կողմից, բայց ժողովրդին, բոլոր համայնքներում տեսանելի են եղել այդ գործողությունները»:
Արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ երեկվա ընտրությունները համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Արարատ Միրզոյանը նախընտրեց իր հայտարարությունն անել ու հեռանալ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին. «Սա արդեն վկայում են և՛ տարբեր դիտորդական կազմակերպությունների կամ վերաբերելի կազմակերպությունների, և՛ առանձին երկրների, կառույցների ղեկավարների նախնական արձագանքները: Ուզում եմ նաև ասել, որ պսևդոժողովրդավարության կամ ավտորիտարիզմի էջը Հայաստանի Հանրապետությունում փակված է»:
Ակտիվություն հետընտրական առաջին օրը ՔՊ-ականները միայն վարչապետի ժամանման պահին՝ առավոտյան 10-ին դրսևորեցին: Ժողովրդին հաղթանակի համար շնորհավորելուց անմիջապես հետո վարչապետն անցավ ընդդիմախոսներին. «Պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ու նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից: Իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության և կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների ու վճռական, հատուկ քայլերով»:
Իր ձևակերպած վճռական քայլերը Նիկոլ Փաշինյանը չնկարագրեց:
Նրա հեռանալուց հետո անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման լեփ-լեցուն դահլիճը գնալով դատարկվեց, նախատեսված քննարկումներին սակավաթիվ պատգամավորներ էին մասնակցում: Ընդդիմադիր երկու խմբակցությունները, այդ թվում՝ նոր խորհրդարան անցած «Հայաստանը», այսօր չեկան քննարկումներին: