Մատչելիության հղումներ

ԿԸՀ ամփոփած նախնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը

Հայաստանում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին

16:35

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը համապատասխան և եղել են «բաց ու մրցակցային», հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը։

«Ընտրությունները եղել են բազմակուսակցական, օրենքներին համապատասխան, տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ գործել են սահուն, իսկ ձայների հաշվարկի ընթացակարգը՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- այսօր հայտարարել է առաքելության ղեկավար Նուրլան Սեյթիմովը։

«Դիտորդների կողմից նկատված առանձին թերությունները տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը։

16:39

ԵԽ նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»,- ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահը:

16:41

Կրեմլը սպասում է վերջնական արդյունքներին

Կրեմլն առայժմ ձեռնպահ է մնում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից։

«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ վստահեցրել է, թե Մոսկվան ուշադիր հետևում է ընտրությունների, այդ թվում՝ խախտումների վերաբերյալ տեղեկատվությանը։

ՌԴ արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, թե
Մոսկվան մտադիր է Երևանի հետ իր ապագա հարաբերությունները կառուցել Հայաստանի իշխանության հետագա քայլերի հիման վրա:

«Մոսկվան միշտ եղել է և միշտ կլինի շահագրգռված ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հավելելով,- « վերջին ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը չափազանց բևեռացված է։ Այս պայմաններում, Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը՝ առանց հաշվի առնելու բնակչության բոլոր շերտերի կարծիքը, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա բաժանում և սոցիալ-տնտեսական ցնցումներ»։

16:41

«Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան». Կոս

«Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է»,- շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ շարունակելով. - «Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը՝ հօգուտ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի»:

«Այսօր մենք նաև սկսում ենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբի շրջանակում՝ մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար»,- ընդգծել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:

17:52

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, նշել է.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտ ապագան։ Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական Միությանը մերձենալու գործընթացում»:

XS
SM
MD
LG