Գյումրիի թիվ 32/22 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկման արդյունքներով՝ ստացած 113 ձայներով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
58 ձայնով երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը, երրորդը 12 ձայնով «Հայաստան» դաշինքն է, չորրորդը 11 ձայնով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Մյուս ուժերը միասին 11 քվե են ստացել:
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Նշված վարույթներից 61-ով, ըստ հաղորդագրության, ձերբակալվել է 214 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ, 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝ 50-ի նկատմամբ՝ կալանք, 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։ 102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են, փոխանցում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Ընտրությունների լուսաբանումը «Ազատության» երեկոյան ռադիոեթերում.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ ժամը 20-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 58.97 տոկոսը:
Հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Տաշիրի ամենամեծ գյուղերից մեկում՝ Մեծավանի երեք ընտրատեղամասերում էլ 55 տոկոսից ավելի մասնակցություն է գրանցվել: Այստեղ հանձնաժողովների անդամները նշում են, որ նախորդ ընտրությունների համեմատ թեև շատ մեծ չէ տարբերությունը, բայց այս ընտրություններին ավելի շատ քվեարկողներ են եկել ընտրատեղամասեր:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանն» ահազանգում են քվեարկության ավարտից՝ ժամը 20:00-ից հետո զինվորներին քվեարկության տանելու մասին:
Այս կուսակցությունների ներկայացուցիչները ընտրատեղամասերի ուղիղ հեռարձակումներից տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են քվեարկող զինվորները:
Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանեց. - «Մեր զինվորականները, մեր զինվորները տեղամաս մուտք են գործել մինչև 20:00-ն, այսինքն՝ իրենք տեղամասում են եղել մինչև տեղամասի փակվելը, և տեղամասի փակվելուց հետո արդեն իրենք լինելով ներսում, ըստ Ընտրական օրենսգրքի, իրավունք ունեին շարունակել քվեարկել»:
«Հակառակ դեպքում, եթե իրենց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս քվեարկել», - ասաց Վահագն Հովակիմյանը:
Ավշարի թիվ 13/29 տեղամասում վիճաբանություն է եղել: «Ուժեղ Հայաստան» դաշինքի շտաբից ահազանգում են՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձը հարձակվել է իրենց վստահված անձի վրա: Տեսանյութ են հրապարակել:
Թե ինչից է սկսվել վիճաբանությունը, մանրամասներ դեռ չեն հայտնում:
«Քաղաքացիական պայմանագրից» այս տեսանյութին դեռ չեն արձագանքել:
Թիվ 17/37, 18/6, 18/14, 18/32, 18/54, 18/79, 11/8 ընտրատեղամասերը որոշ ժամանակով հոսանքազրկվել էին:
Այդ կապակցությամբ Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրառմամբ հայտնեց, որ վերը նշված ընտրատեղամասերում էլեկտրամատակարարումը «վաղուց վերականգնված է», և «այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵՆ ԱՆԽԱՓԱՆ էլեկտրամատակարարմամբ»
Նա ընդգծում է, որ բոլոր ընտրատեղամասերն այլևս փակված են, և «քվեարկությունն արտացոլող ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ գտնվում են արդեն իսկ կապարականքված ՔՎԵԱՏՈՒՓԵՐԻ մեջ». - «Ըստ այդմ, առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող՝ ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում»։
ՀԷՑ-ի կառավարիչը նշում է նաև, որ «բոլոր դեպքերում ընտրատեղամասերը ապահովված են անհրաժեշտ լապտերներով, պահուստային սնուցման աղբյուրներով, և իհարկե, բոլոր մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ վստահված անձինք, ֆիզիկապես գտնվում են տվյալ տարածքում՝ կապարակնքված քվեատուփերի անմիջական հարևանությամբ»։
Երևանի թիվ 7/28 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 2 հազար 219 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել են 1 254-ը, «Ազատությանն» ասաց հանձնաժողովի նախագահը։
Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, մինչև կսկսեն քվեների հաշվարկը:
Թիվ 9/22 ընտրատեղամասում 1 981 ընտրողներից քվեարկել են 1 143-ը կամ գրեթե 58 տոկոսը:
Դավթաշենի թիվ 5/1 ընտրատեղամասում 1 979 ընտրող է գրանցված, քվեարկել են 1 131-ը՝ ընտրողների 57.1 տոկոսը:
Աբովյանի թիվ 29/15 ընտրատեղամասում 1 887-ի ընտրողներից քվեարկել է ավելի քան 60 տոկոսը: