«Մասնակի գնահատական տալ չենք կարող», - ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը՝ ընտրությունների մասին
«Մենք չենք կարող մասնակի գնահատականներ տալ, մեր մեթոդաբանությունը պահանջում է, որ մենք ընդգրկենք մեծ թվով ընտրատեղամասեր: Ընտրությունների օրը մենք հաշվետվություններ ենք ստանում մեր բոլոր դիտորդներից, որոնք ուղարկվում են այստեղ՝ Երևանում գտնվող գլխամասային գրասենյակ», - նշեց նա:
9/60 ընտրատեղամասում քաղաքացին պնդում է, որ իր հասցեում մարդ կա գրանցված, որին ինքը չի ճանաչում:
Բայց այդ իրեն անհայտ մարդն արդեն եկել քվեարկել է:
Քաղաքացին ասաց, որ 2021-ին էլ է այդպես եղել: Նա մոտեցավ հանձնաժողովի նախագահին ու քարտուղարին, կազմվեց արձանագրություն:
Թիվ 9/51 ընտրատեղամասում իրավիճակը նույնն է, խնդիրը դեռևս վերացված չէ:
Առավոտից տպված կտրոնի թիվը չի համապատասխանում մատյանում գրված համարին, որոշվել է՝ արդեն տպված կտրոններով ընտրողները քվեարկեն մատյանի անուններով:
«Եթե կտորնի թվով լիներ, շատ արագ էր նույնականացվում, հիմա մեր աշխատակիցը ցուցակի մեջ փնտրում, գտնում է անուն ազգանունով, հասցեով, այսինքն, նույնականացման գործընթացը բարդացավ: Խոշոր հաշվով՝ ընտրության արդյունքի հետ կապ չունի: Շատ ակտիվ է ընտրությունն անցնում, մեկ րոպե չի եղել, որ մեր ընտրատեղամաս չմտնի որևէ քաղաքացի», - ասաց տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամը:
Հայաստանում տնային կալանքի տակ գտնվողներից 205-ը ժամը 12։30-ի դրությամբ քվեարկել է, հայտնում է Արդարադատության նախարարությունը։
Հաղորդվում է, որ տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։
«Ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը»,- հայտնում են գերատեսչությունից։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Ավետիս Առաքելյանի խոսքով՝ իրենց համակիրների տներում խուզարկություններ են իրականացվել, կան բերման ենթարկվածներ: Նրա տվյալներով՝ Գյումրիում բերման ենթարկվածները 3-4 հոգի են: Նա այս գործողությունները որակեց անընդունելի:
«Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։
Նշված բոլոր դեպքերը, ըստ հաղորդագրության, գտնվում են «Հայաստան» դաշինքի վստահված անձանց և իրավական խմբերի մշտական վերահսկողության ներքո. «Ստացված տեղեկությունները ստուգվում, փաստագրվում և սահմանված կարգով փոխանցվում են իրավասու մարմիններին»։
Քննչական կոմիտեն հայտնում է կրկնակի քվեարկության փորձ կատարած անձի ձերբակալման մասին: Ըստ հաղորդագրության՝ առավոտյան ժամը 08:19-ին թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել:
Ընտրատեղամասի հանձնաժողովը կտրոնը վերցրել է ԿԸՀ ներկայացնելու համար, որից հետո Ա.Ս.-ն դուրս է հրավիրվել ընտրատարածքից և ներկայացվել է ոստիկանության ծառայողին: Նա ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Քիչ առաջ քվեարկեց նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Մեկնաբանելով ընտրողների ակտիվությունը՝ նա ասաց. «Կարողացանք հասցնել մեր ժողովրդին, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է»:
Վերջին օրերի ձերբակալությունները Զուրաբյանը գնահատեց իշխանության խուճապ:
4/32 ընտրատեղամասում կուտակումներ են: Տեղամասի ղեկավարն ասում է՝ հոսքը մեծ է, տեղը՝ փոքր:
Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում «Ազատությունն» ահազանգ էր ստացել, թե վարչական ղեկավար Վոլոդյա Հալաջյանը, որը նաև ՔՊ-ի վստահված անձն է, առավոտից գտնվում է գյուղի միակ ընտրատեղամասում և ուղղորդում է բնակիչներին:
Գոգարան համայնքի ղեկավարը հերքում է, թե ուղղորդում է համագյուղացիներին:
«Ազատության» հետ զրուցած բնակիչներն էլ ասացին, որ ուղղորդում չեն տեսել և ընտրել են իրենց կամքով: