Արմավիրի Նորապատ գյուղում՝ թիվ 16/05 ընտրատեղամասում, իրավիճակը լարվեց, երբ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձն արձանագրեց, որ երկու անձ էր քվեախցիկի հետևում գտնվում: Հանձնաժողովի նախագահը նախ հերքեց, թե նման բան կար, իսկ երբ վստահված անձ Անահիտ Մանուկյանը շարունակեց պնդել դա, քաղաքացին ասաց, որ տեղյակ չէր ընթացակարգին:
Ի դեպ, ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում, «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը»: Այս հայտարարության վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա, ՔՊ-ից ևս դեռ չեն մեկնաբանել:
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձն «Ազատությանն» ասաց, որ նման դրվագներ դեռևս չեն արձանագրել, սակայն պնդեց՝ իշխող ուժի վստահված անձը՝ մարզպետի մտերիմ Գևորգ Խաչատրյանն ուղղորդում է, ցուցումներ է տալիս քվեարկողներին։ Վերջինս, սակայն, հերքում է դա:
Բացի այդ, Նորապատում, ըստ Անահիտ Մանուկյանի, այլ խախտումներ էլ են եղել՝ քվեաթերթիկներն ամբողջությամբ արկղով դրված էին տեսանկարահանող սարքի տեսադաշտից դուրս, ոչ թե պահարանում, քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամը չի ստուգում ընտրողների անձնագիրը:
Դրսում էլ կուտակումներ կային: «Ազատության» դիտարկումից հետո միայն ոստիկանը ցրեց կուտակումները:
Առինջի 29/29 ընտրատեղամասում, որտեղ ընտրեց «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հերթեր են: Հանձնաժողովի նախագահը պայմանավորում է նաև ավելի ակտիվ մասնակցությամբ։
Ընտրական իրավունք ունեցող ավելի քան 2000 ընտրողներից շուրջ 600-ն արդեն ընտրել են։ Հանձնաժողովի նախագահն Առինջում այսքան ակտիվ մասնակցություններ չի մտաբերում:
Ժամը 11։00-ի դրությամբ Ներքին գործերի նախարարությունը ստացել է 17 ահազանգ։
ՆԳՆ-ը հայտնում է, որ արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։
Թիվ 9/22 ընտրատեղամասում քաղաքացին կորցրել է կտրոնը:
«Նման դեպքում մարում ենք ծրարը, համարում ենք անվավեր իր կատարած ընտրությունը», - ասաց տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամը:
Ժամը 11:30-ի դրությամբ թիվ 9/12 ընտրատեղամասում ավելի քան 1800 ընտրողից 300-ից ավելին արդեն ընտրել են:
«Վախը փող բաժանողների մոտ է, գիտեն, որ ընտրող չունեն, ստիպված են փող բաժանել, բայց վստահ եմ, որ արդեն գիտակցել են՝ շատ ուժեղ պարտվելու են», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանության վախի դրսևորում չե՞ն ընդդիմադիրների շրջանում ձերբակալությունները:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խայտառակություն է որակում ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերը, կալանքները:
Այսօր քվեարկությունից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի երեկվա հաղորդագրության մասին, համաձայն որի՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, «ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին»։
«Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր, ամբողջ օրը ինչ-որ ձայնագրություններ էր տարածում, տպավորություն է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են՝ տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում: Ես այդպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա՝ բոլորն անխտիր ընդդիմադիր, քրեական գործեր, տնային կալանքներ, սա ուղղակի խայտառակություն է», - նշեց նա:
Կոմիտեն հունիսի 6-ին հայտնել էր, որ ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ: Կառույցի տվյալներով՝ քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ։ 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրվել են կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ սա վախ սերմանելու նպատակ ունի:
Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 մարդ կամ ընտրողների 14.48 տոկոսը: 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում այս ժամին մասնակցել էր է 316 հազար 291 ընտրող կամ 12.2 տոկոսը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հավաքական ընդդիմությունը հաղթելու միանշանակ շանսեր ունի:
«Ով ամենաշատ ձայն հավաքի, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի», - ասել է Ծառուկյանը:
Ծառուկյանը նույնպես հայտնել է իր համակիրների շրջանում ձերբակալությունների մասին:
«Մոտ 50 մարդու տարել են, անտեղի, որ մարդիկ չզբաղվեն... Ինչքան էլ անեն, մեկ է՝ պարտված են», - քվեարկելուց հետո լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը, որի ղեկավարած կուսակցության մասին նույնպես իրավապահները ընտրակաշառքի հաղորդագրություններ են տարածել: