Մատչելիության հղումներ

«Հունիսի 8-ին մենք հաղթելու ենք». Սամվել Կարապետյան

Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը կասկած չունի, հունիսի 7-ն ավարտվելու է իր թիմի հաղթանակով:

«Մենք ուժեղ ենք, մենք չենք պարտվելու, ժողովուրդ ջան, հաղթելու ենք, հունիսի 8-ին մենք հաղթելու ենք», - ասաց Կարապետյանը։

Իսկ եթե պարտվի, ի՞նչ է անելու, իշխանության համար պայքարող միլիարդատերը հետընտրական զարգացումներին պատրա՞ստ է, փողոցում պայքար կսկսի, թե՞ 2021-ի ընդդիմադիրների պես կվերցնեն պատգամավորական մանդատներն ու բնականոն կաշխատեն խորհրդարանում։

«Փողոց դուրս չենք գալու, մենք հաղթելու ենք։ Բայց ինչի՞ համար ենք մնում փողոց, հանգիստ կգնանք առոք-փառոք մեր տները», - նշեց նա։

«Տաշիր գրուպի» սեփականատերը, որ քաղաքականություն մտնելու մասին հայտարարեց, Ազգային անվտանգության ծառայության նկուղից ոչ մի կերպ իր հետընտրական պլաններից չի խոսում, պարտության մասին հարցեր լսել չի ուզում։ Ընտրողներին ներկայանում է ապագա վարչապետ։

Սոցիոլոգիական հարցումներով այս պահին Փաշինյանն է առաջատարը։ Կարապետյանն էլ Փաշինյանի գլխավոր մրցակիցն է։ Եթե ապագա վարչապետը չլինի, ինչպե՞ս է այդ հավակնոտ հայտարարությունների տակից դուրս գալու ընտրողներին ապագա վարչապետ ներկայացնող Կարապետյանը։

«Մեր շանսերը հիմա էլ եմ 100 տոկոս գնահատում», - ասաց Սամվել Կարապետյանը։

Գործարար Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» թիմից ձերբակալությունները շարունակվում են։ Այսօր էլ ձերբակալվել է թիմի առաջին դեմքերից Ալեքսան Ալեքսանյանը։

Նրան մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի, լինելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 26-ի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների՝ «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։ Ըստ իրավապահների 1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են, նաև հարցաքննել են շուրջ 500 մարդու։

Սամվել Կարապետյանն այս գործը համարում է իր թիմի դեմ հերթական ապօրինությունը. «Հերթական հիմարություն են անում, հերթական ապօրինություններն են անում։ Մեր թիմից չկա մի մարդ, գոնե հասկանա՝ ոնց են փող լվացնում։ Ես փողերի լվացում մենակ հասկանում եմ, երբ ասֆալտ ես փռում, փող ես լվանում, ուրիշ ձև չգիտեմ»։

Ալեքսանյանի ձերբակալությունից ժամեր անց տեսանյութ հրապարակեցին «Ուժեղ Հայաստանի» անդամները, որ Մասիսում քարոզարշավի ժամանակ իրենց վրա են հարձակվել ՔՊ-ականները։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից Հրայր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ վեճը սադրել են ՔՊ-ականները։ Հարվածողների թվում է եղել Երկրապահ կամավորական միության մասիսի ղեկավար Արսեն Հարությունյանը։

«Դուք էլ եք տեսնում կադրերում, որ մեր քարոզարշավը խոչընդոտվում է, և հենց նախաձեռնողը իրենք են լինում, հարձակվում են, Դավիթին արյունոտ բերել են օֆիս», - ասաց Գևորգյանը։

«Ուժեղ Հայաստանի» անդամներից երկուսին, ըստ Հրայր Գևորգյանի, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մասիսի հիվանդանոց։ Այս միջադեպի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագրից» դեռ որևէ արձագանք չկա։

Իսկ ի՞նչ են արել իրավապահները։ Ոստիկանությունից էլ դեպքի վերաբերյալ մինչ այս պահը արձագանք չկա։

Այս դեպքը հաջորդեց Սամվել Կարապետյանի դատական նիստին ու նրան հարցեր չկարողացանք տալ։ Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի, խոշոր չափի հափշտակության, հարկերից խուսափելը կազմակերպելու և փողերի լվացման համար։

Սամվել Կարապետյանին ազատությունից զրկեցին անցած տարվա հունիսին։ Հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելու հայտարարությունից ժամեր անց։





Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG