Մատչելիության հղումներ

ԱՄՆ զինուժը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածել է Իրանին

Նավեր Հորմուզի նեղուցում՝ Բանդար Աբբաս նավահանգստի մոտ, արխիվ
Նավեր Հորմուզի նեղուցում՝ Բանդար Աբբաս նավահանգստի մոտ, արխիվ

ԱՄՆ զինուժն այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածել է Իրանին՝ ժամեր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը հերքեց իրանական լրատվամիջոցների հաղորդումները, թե գործարք է պատրաստվում, ըստ որի՝ ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի ծովային շրջափակումը, Իրանն էլ բացի Հորմուզի նեղուցը:

Ամերիկացի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ն հարվածել է անօդաչուների արձակման կայանի, որը սպառնալիք էր ներկայացնում Հորմուզի նեղուցում ամերիկյան ուժերի և առևտրային նավագնացությանը: Նաև իրանական հարձակողական չորս անօդաչու են խոցել:

Իրանական Tasnim գործակալությունը ռազմական աղբյուրին հղումով հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը կրակ է բացել ամերիկյան նավթատար նավի ուղղությամբ, որը փորձել է անցնել նեղուցով, և ստիպել է հետ գնալ: Այնուհետև ԱՄՆ զինուժը հարվածել է Բանդար Աբբասի մոտ գտնվող բաց տարածքին: Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Իրանական այլ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ չորս նավ է փորձել անցնել նեղուցը, որոնք բոլորն էլ իրանական կողմի կրակոցներից հետո ստիպված են եղել հետ գնալ:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներին ի պատասխան հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկին՝ չհստակեցնելով, թե որ բազայի մասին է խոսքը: Իրանը զգուշացրել է, որ ոչ մի «ագրեսիա անպատասխան չի մնա», իսկ հետագա հարձակումներն «ավելի վճռական» պատասխանի կարժանանան:

Ավելի ուշ Քուվեյթը հայտարարել է, որ հրթիռային հարձակման է ենթարկվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

XS
SM
MD
LG