ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դիմել է Մերձավոր Արևելքի մի քանի երկրի, որպեսզի Իրանի հետ ձեռք բերվելիք հնարավոր համաձայնագրի շրջանակում միանան Աբրահամի համաձայնագրերին և բարելավեն հարաբերություններն Իսրայելի հետ:
Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ այս հարցով խոսել է Կատարի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Եգիպտոսի, Հորդանանի և Թուրքիայի առաջնորդների հետ:
«Ես պարտադիր կերպով պահանջում եմ բոլոր այս երկրներին անհապաղ ստորագրել Աբրահամի համաձայնագրերը, և եթե Իրանն ինձ հետ՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, համաձայնագիր ստորագրի, պատիվ կլինի, որ նրանք ևս մաս կազմեն համաշխարհային այս աննախադեպ կոալիցիային»,- Truth Social-ում գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ այս երկրներից մեկը կամ երկուսը կարող են պատճառներ ունենալ համաձայնագրերին չմիանալու համար, բայց նրանց մեծ մասը պետք է «պատրաստ լինի, ցանկանա և կարողանա Իրանի հետ այս կարգավորումը դարձնել շատ ավելի պատմական իրադարձություն, քան այն կլիներ այլ դեպքում»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դեռ չի մեկնաբանել Թրամփի գրառումը, որում ԱՄՆ նախագահը նաև նշում է, որ Իրանի հետ բանակցությունները «լավ են ընթանում», թեև ոչինչ չի ասել այն մասին, որ մոտ են գործարք կնքելուն:
Թրամփը բազմիցս հայտարարել է, թե ցանկանում է ընդլայնել երկրների ցանկը, որոնք միացել են Աբրահամի համաձայնագրերին, որը 2020-ին ստորագրվել է իր նախաձեռնությամբ՝ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում:
Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը համաձայնագրին միացել են հենց 2020-ին՝ դառնալով առաջին արաբական պետությունները, որոնք 25 տարվա ընթացքում ճանաչեցին Իսրայելը։ Նրանց օրինակին հետևեցին Մարոկկոն և Սուդանը:
Ըստ Reuters-ի՝ անցյալ տարի Գազայում հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Թրամփն ակնկալում էր, որ համաձայնագրերին կմիանա նաև տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկը Սաուդյան Արաբյան, սակայն Էր-Ռիադը պատրաստակամություն չի ցուցաբերել առաջ շարժվել այս հարցում։
Եգիպտոսն ու Հորդանանն արդեն հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ, թեև չեն միացել Աբրահամի համաձայնագրերին: