Մատչելիության հղումներ

Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ հնարավոր է լավ լուրեր լինեն. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Նյու Դելի, 23-ը մայիսի, 2026թ․
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Նյու Դելի, 23-ը մայիսի, 2026թ․

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ հնարավոր է այսօր ավելի ուշ հայտարարություն լինի։

«Ես կարծում եմ, որ գուցե հնարավորություն լինի, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում աշխարհը լավ լուրեր ստանա», - Նյու Դելիում լրագրողներին ասել է Ռուբիոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։

Թրամփի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացումը, թեև Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պնդումը «ճիշտ չէ»։

Իրանը չի համաձայնել հանձնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Reuters

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին այսօր տեղեկացրել է, որ Թեհրանը չի համաձայնվել հանձնել իր բարձր հարստացված ուրանի պաշարները։ Ըստ աղբյուրի՝ Իրանի միջուկային հարցը ԱՄՆ-ի հետ նախնական համաձայնագրի մաս չի կազմել։

«Միջուկային հարցին անդրադարձ կլինի վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններում, և, հետևաբար, այն ներկայից համաձայնագրի մաս չի կազմում։ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները երկրից դուրս բերելու վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել», - ասել է Reuters-ի իրանցի աղբյուրը։

Իրանից հարստացված ուրանի դուրսբերումը գործարքի կնքամն համար Վաշինգտոնի գլխավոր պահանջներից մեկն է։

Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հնարավոր համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն հարձակվի Իրանի և նրա դաշնակիցների վրա։


XS
SM
MD
LG