Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանող Արփինե Սողոյանին հորդորել են հրաժարականի դիմում գրել, «Ազատությանը» հայտնեց նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Դուստրը հայտնեց, որ մայրը բժշկուհի է, աշխատում է պոլիկլինիկայում՝ կանանց խորհրդատվության բաժնի վարիչ, նաև՝ մասնավոր հիվանդանոցում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
Թե որ կառույցում և ով է նման հրահանգ տվել, Սողոյանը չհստակեցրեց:
«Համապատասխան խողովակի միջոցով եկած ցանկությունը, որ դիմում գրի, ազատվի, եղել ա, որին չի տրվել մայրիկս: Հիմա չգիտենք՝ ինչ որոշում կկայացվի», - ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ պնդել էր, թե «բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից»։ «Մանավանդ որ խոսքը կնոջ մասին է, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», - ասել էր քաղաքապետը:
Արփինե Սողոյանը 44-օրյա պատերազմում անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է: