Մատչելիության հղումներ

Իջևանի կարի ֆաբրիկայի հնդկաստանցի բանվորները հեռանում են Հայաստանից բողոքի ակցիայից հետո. տնօրենը տոմս է գնել

Իջևանի կենտրոնում՝ խորհրդային երբեմնի Ունիվերմագի տանիքի տակ, երեք մետրանոց թիթեղյա պատերով մեկուսացված տարածքը 170 հնդկաստանցի կարող բանվորների թե՛ աշխատավայրն է, ու թե՛ կացարանը միաժամանակ:

Վաղն արդեն նրանք հեռանում են Հայաստանից՝ իրենց հետ տանելով կցկտուր հայերենն ու դառնությունը. տնօրենն իրենց գործադուլից հետո ինքնաթիռի տոմս է առել՝ դեպի հայրենիք՝ դրա դիմաց վերցնելով վերջին մեկ ամսվա աշխատավարձը։

Գոհ են, որ ի վերջո հայրենիք կվերադառնան, չնայած եկել էին աշխատելու, սիրել էին Հայաստանը:

Ֆաբրիկայի առաջին հարկում, տասնյակներով ապրում էին նեղլիկ սենյակներում, ուր ոտք դնելու տեղ չկա։ Աջուձախ միայն երկհարկանի մահճակալներ են՝ առանց պահարանների, առանց անձնական տարածքի։ Միայն կոշիկներն են միջանցքում կարգուկանոնով՝ կողք-կողքի շարված։ Լվացարանը ժանգոտած երկաթյա մի կիսալուսին է, իսկ ցնցուղ չեղած լոգախցիկներում բանվորներն այսօր կոշիկներն էին լվանում։ Տեսախցիկը տեսնելիս կաշկանդվում են, բայց մատնացույց անում ժանգոտած խողովակներն ու խցանված կոյուղին: Ապրելու տարրական պայմաններ չկան: Խոհանոցում ամենուր միջատներ են:

Լարդուխանը այսօր միակն էր, որ փորձում էր անգլերենով բացատրել իրավիճակը, ասում է՝ մարդիկ Իջևանում ջերմ էին, երկիրը՝ լավը, բայց իրենք ստիպված են ճամպրուկները հավաքել։ Վերջին ժամերին մեկը մյուսի մազերն է կտրում, մյուսն արդուկ է անում։

Անցած երկու տարիներին Իջևան եկած բանվորների խումբը վերջին օրերին գործադուլի էր դուրս եկել՝ աշխատավարձի բարձրացման, պայմանների բարելավման պահանջով։ Տնօրենը մերժել էր, և ընդամենը համաձայնել բոլորի համար տոմս գնել դեպի Հնդկաստան։

Բայց 170-ից մեկն այսօր նրանց հետ չէ։ փակի տակ է՝ ոստիկանի գործունեությանը միջամտելու մեղադրանքով։ Նրան նախօրեին են ձերբակալել, երբ բողոքող բանվորներին լսելու փոխարեն տնօրինությունը ոստիկանություն էր կանչել։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ համազգեստավորներ քաշքշում ու գետնին տապալում բողոքողներին։ Ոստիկանությունն ասում է՝ հասարակական կարգ էին պաշտպանում։ Բանվորները, մինչդեռ, պնդում են՝ իրենց ոչ թե պաշտպանել, այլ՝ ծեծել են, ու մինչ օրս չգիտեն՝ ինչի համար իրենց ընկերոջը ոստիկանություն տարան:

Սա առաջին դեպքը չէ, անցյալ տարի նույնպես այստեղ բողոքի ալիք էր բարձրացել. բանվորները պատմում էին անգամ, որ նախկին տնօրենը զենքի սպառնալիքի տակ է իրենց աշխատեցրել։ Բողոքի նախորդ ցույցերից հետո Հայաստանի Տեսչական մարմինը ռուսական «ԻՋ Գրանդ տեքստիլ ՕՊՏ» ընկերությանը տուգանել էր ութ միլիոն դրամով ՝ աշխատավարձի ուշացման համար, բայց աշխատանքային պայմաններին անդրադարձ այդպես էլ չէր եղել: Տուգանքներից բացի նաև Քրեական գործեր էին հարուցվել՝ մի քանի ծանրակշիռ, նաև՝ աշխատանքային շահագործման հոդվածով: Բայց այսօր Քննչականից տեղեկացանք, որ բոլոր այդ գործերը կարճվել են:

Այսօր ֆաբրիկայի դարպասների մոտ՝ պահակակետում, զինվորական ու ոստիկանական համազգեստով տղամարդիկ էին, որոնք ներս մտնել մեզ չթույլատրեցին՝ պատճառաբանելով, թե տնօրենը տեղում չէ, թեև քիչ առաջ հակառակն էին պնդում։

«ԻՋ Գրանդ տեքստիլ ՕՊՏ»-ի ռուսաստանցի տնօրենը երեկ Epress-ի հետ զրույցում կատարվածի մեջ հենց հնդիկներին էր մեղադրել՝ պնդելով, թե նրանք «մաքրասեր չեն ու աշխատանքում գլուխ են պահում»։

Վաղը Իջևանի կարի ֆաբրիկան կդատարկվի։ 400-500 դոլարով տարիներով աշխատող հնդիկ բանվորները կգնան, բայց հարցը կմնա՝ ո՞վ կփոխարինի նրանց թիթեղյա պատերի ներսում, և արդյոք նորեկներին ևս սպասո՞ւմ է նույն պայմանը՝ ինքնաթիռի հետադարձ տոմս՝ հանուն լռության ու ավելորդ գլխացավանքի տակ չընկնելու:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG