Մատչելիության հղումներ

Հնդիկ բանվորների բողոքի ակցիան Իջևանում. մեկ անձ ձերբակալվել է

Արտապատկերում Еpress լրատվականի տեսանյութից
Արտապատկերում Еpress լրատվականի տեսանյութից

Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցն ավարտվել է մեկ անձի ձերբակալությամբ:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով հնդիկ բանվորը ձերբակալվել է, նախաքննություն է կատարվում։

Այս նույն ֆաբրիկայում նաև անցած տարի էին բանվորները նույն պահանջով բողոքի ակցիաներ արել: Դրան արձագանքել էին Աշխատանքի տեսչական մարմինը, Մարդու իրավունքների պաշտպանը, անգամ քրեական գործ էր հարուցվել աշխատանքային շահագործման հոդվածով:

Տեսչականը ֆաբրիկան շահագործող ՍՊԸ «ԻՋ Գրանդ տեքստիլ ՕՊՏ» ՍՊԸ-ին 8 միլիոն դրամով տուգանել էր, բայց միայն աշխատավարձի ուշացումների համար: Աշխատանքային պայմաններն ստուգող պետական կառույցն այդպես էլ չէր անդրադարձել հնդիկ բանվորների բարձրաձայնած խնդիրներին, որտեղ խոսում էին՝ ինչ անմարդկային պայմաններում են աշխատում:

Նրանք աշխատում ու ապրում են հենց ֆաբրիկայի տարածքում: Еpress լրատվականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են նրանց կենցաղային անտանելի պայմանները:

Դեռ պարզ չէ՝ արդյոք ձերբակալված հնդիկ բանվորը կկալանավորվի՞, թե՞ ոչ:

Երեկ Epress-ը բանվորների նկարահանած տեսանյութերն էր հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են տասնյակ ոստիկաններ մտել ֆաբրիկայի տարածք, քաշքշում են մի քանի բանվորի, նրանց գետնին տապալում: Հետո կադրերում երևում են նրանց վնասվածքները:

Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ահազանգի հիման վրա են գնացել՝ բողոքի ակցիայի ժամանակ ընդամենը հասարակական կարգ պաշտպանելու: Տեղում, ըստ ՆԳՆ մամլո խոսնակի, «վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար մեկ անձի տեղափոխել են Ոստիկանության Իջևանի բաժին: Այս արարքն ըստ հոդվածի նախատեսում է տուգանք, մինչդեռ ոստիկանությունում արդեն արարքին քրեական որակում է տրվել, ու հնդիկ բանվորը ձերբակալվել է:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG