Մատչելիության հղումներ

Մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան

Մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրվա արթիվ հղած ուղերձում:

«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը և դատապարտել այդ երեւույթն իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին եւ մարդկանց», - նշել է Փաշինյանը։

Ընդգծելով, որ արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ կա և ոչ էլ վիրավոր, Փաշինյանը նշել է՝ «սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք»։

«Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Փաշինյանն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է Մոսկվայում կայանալիք շքերթին, ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Վարչապետը Մոսկվայի շքերթին մասնակցել է 2025, 2023 թվականներին, սակայն բաց է թողել 2024-ինը:


XS
SM
MD
LG