Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում տարեկան զեկույցն է ներկայացնում, որում նշեց նաև բանակում մահվան դեպքերի մասին. նրա տվյալներով՝ անցած տարի ինը մահվան դեպք է արձանագրվել:
«2025 թվականին Զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել: 2025-ին Զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային վեց զինծառայող, սահմանապահ զորքերի ժամկետային երկու զինծառայող, մեկ աշխարհազորային: Ընդհանուր՝ ծառայության հետ կապված ինը դեպք՝ 2024-ի 27-ի համեմատ», - հայտարարեց գլխավոր դատախազը:
Ըստ Աննա Վարդապետյանի՝ չորս դեպքը անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով է, մեկը՝ պաշտոնեական անփութության, մեկ դեպք արձանագրվել է բուժաշխատողների կողմից պարտականությունները պատճաշ չկատարելու հետևանքով, հիվանդության պատճառով երկու դեպք է եղել, մեկն էլ՝ կայծակնահարության հետևանքով:
Գլխավոր դատախազի հայտնած տվյալներով՝ Հայաստանում անցած տարի 40 հազար 722 հանցագործություն է տեղի ունեցել, որի գերակշիռ մասը՝ 18 հազարը՝ Երևանում: Ըստ Վարդապետյանի՝ 24-ին հանցագործությունների թիվը շուրջ 133-ով ավելի է եղել:
Հունվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2025 թվականին Զինված ուժերի շարքերում 30 զինծառայող է մահացել, որոնցից 24-ը՝ ծառայության հետ չկապված պատճառներով: Մյուս վեցից երկուսը, ըստ նախարարի, ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերջերս հրապարակած տվյալների համաձայն էլ՝ անցած տարի բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է գրանցվել՝ 2024-ի 36-ի փոխարեն:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ մահվան մասին տվյալներում մեծ են ինքնասպանությունների ու սպանությունների թվերը, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի ավելի քան մեկ քառորդը։ Դեպքեր են տեղի ունեցել նաև այլ պատճառներով՝ ավտովթարներից մինչև հիվանդություններ, մինչդեռ պաշտոնական կառույցները սրանք չեն կապում բանակի հետ: Ընդ որում, առողջական խնդիրներից մահացության դեպքերն անցած տարի աճել են. 2025-ին այս պատճառով արձանագրվել է 12 դեպք, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունն իր խնդիրը չի համարում զինծառայողին առողջական խնդիրներով բանակ զորակոչելը, կամ բանակում պարբերաբար առողջական վիճակի ստուգումներ չանցկացնելը, տարակուսում են իրավապաշտպանները: