Մատչելիության հղումներ

«Հավելյալ հավաքագրման արդյունքում 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքեցինք». Ավինյան

Քաղաքապետարանի գրոծակարգավարական նիստի ընթացքում, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ Հանրային տրանսպորտում ուղևորահոսքն ու վճարումները աճել են։

Մանուկյանի խոսքով՝ մեկ շաբաթում գրանցվել է ավելի քան 3 միլիոն վավերացում։ Դրանցից 113 հազար 944-ը՝ տրոլեյբուսներում, 579 հազար 824-ը՝ մետրոպոլիտենում, իսկ 2 միլիոն 386 հազար 656-ը՝ ավտոբուսներում։ Ընդհանուր ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2.75 տոկոսով՝ կամ 82 հազար 310-ով։

Սարգիս Մանուկյանը նաև ներկայացրել է մարտ-ապրիլ ամիսների համեմատականը, ըստ նրա՝ տոմսերի վաճառքն աճել է 23.3 տոկոսով՝ ավելի քան 2.4 միլիոն վավերացումով։ Պատկերն, ըստ նրա, նույնն է եղել նաև 2025 և 2026 թվականների ապրիլ ամիսներին՝ շուրջ 23.1 տոկոս։

«Ֆինանսական առումով այս աճը նշանակում է մոտ 337 միլիոն դրամով ավելի հավաքագրում», - հայտարարեց Մանուկյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ այսինքն, այս հավելյալ հավաքագրման արդյունքում մոտավորապես 13-14 նոր ավտոբուսի գումար է հավաքվել:

Քաղաքապետն ընդգծեց՝ վճարումների խստացումը, թեև որոշ դժվարություններ է առաջացրել, բայց կարևոր է՝ քաղաքում ավելի որակյալ ու արժանապատիվ տրանսպորտ ունենալու համար։

«Հանրային տարնսպորտի համար մենք ֆինանսական միջոցներ չենք խնայում, բայց պետք է հասկանանք, որ հանրային տրանսպորտն ամենածախսատար ոլորտն է քաղաքի համար՝ ամենամեծ ներդրումներն ու սուբիսդիաներն այս ոլորտում են իրականացվում: Կարևոր է, որ վճարումներն իրականացնենք պատշաճ կերպով», - ասաց քաղաքապետ Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով տրոլեյբուսների ու ավտոբուսների վարորդներին և նրանց աջակցող ուղևորներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի ծառայության կողմից, ներհամայնքային տրանսպորտում թույլ տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացվել են 277 տուգանքի որոշումներ, նախորդ ժամանակահատվածի համեմատ այս թիվը նվազել է 451-ով: Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ տուգանքների քանակը նվազել է ստուգումների քանակի ավելացման պայմաններում:

XS
SM
MD
LG