Հայ ազգային կոնգրեսը «Լևոն» վանկարկումներով այս անգամ ընտրապայքարի է ուղարկում կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Նա է այս ուժի վարչապետի թեկնածուն, և նա է ղեկավարում այսօր 161 կողմ ձայներով հաստատված նախընտրական ցուցակը։ Այն 60 հոգանոց է, բայց դեռ կհամալրվի, ասացին։
«Գնում ենք կռվի, չէ՞։ Ճակատամարտի, վճռական», - հայտարարեց Զուրաբյանը։
Նախորդ՝ 2021-ի ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ՀԱԿ-ն այս անգամ միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստանի հետ էր բանակցում, բայց դաշինք չստացվեց։ Ըստ Լևոն Զուրաբյանի պատճառն այն էր, որ հաջողության հասնելու ուղիների մասին պատկերացումները տարբեր էին. «Մենք ամեն ինչ արեցինք, դա մեզնից անկախ պատճառներով է եղել, բայց մենք դրանից ողբերգություն չենք սարքում»։
ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն իրենց շանսերը բարձր է գնահատում, փորձելու են մենակ ու գաղափարապես հստակ տեսլականով առաջ շարժվել:
Մինչև այժմ հրապարակվող սոց հարցումները, որոնցում ՀԱԿ-ը որպես անցողիկ ուժ չկա, Զուրաբյանը վստահելի չի համարում, ստախոսություն է, ասում է. «Սպասեք լուրջ անակնկալների»։
Գլխավոր հարցը ինքնիշխան խաղաղության հաստատումն են համարում ՀԱԿ-ում։ Վարչապետ Փաշինյանի պնդումները, որ այն արդեն հաստատված է, սահմանին զոհեր չկան, TRIPP-ի գործընթացը խաղաղության երաշխիք է, այս ամենը Զուրաբյանն անվանում է խաբեություն։ Հաշվել է՝ Փաշինյանը երեք խոշոր հակամարտություն ու 10 զինված բախում է բերել Հայաստանի գլխին, իսկ սահմանին չեն կրակում ոչ թե որ խաղաղություն է, այլ զինադադար պարզապես։
«Փաշինյանը իրականում որպես Հայաստանի ապաշնորհ ու տգետ ղեկավար, իսկ հիմա արդեն նաև որպես Ալիևի հլու-հնազանդ կուսակալ, խամաճիկ կուսակալ, ուղղակի նվեր է Ալիևի համար։ Եվ բնականաբար Ալիևը ընտրություններից առաջ ամեն ինչ անում է, որ այս նվերը վերընտրվի», - ընդգծեց ՀԱԿ վարչապետի թեկնածուն։
Առաջարկում է չհավատալ Փաշինյանի ոչ մի բառին. «Մեր ամբողջ ժողովուրդը պետք է ամենայն պարզությամբ գիտակցի, որ մենք գործ ունենք մի հրեշավոր խաբեբայի հետ, որը պատրաստ է ցանկացած ստորության ու մանիպուլյացիայի հանրությանը մոլորեցնելու և ապատեղեկացնելու սեփական իշխանությունը պահելու նպատակով»։
Փաշինյանը երկիրը պատերազմի ու պարտության է տանում, երկրում անձիշխանություն է հաստատում, նրա թիմը խրված է կոռուպցիայի մեջ, ՀԱԿ-ում փաստեր խոստացան, ամենուր պառակտում են սերմանում: Նոր ուժ է պետք Հայաստանին, համոզված են Հայ ազգային կոնգրեսում, խոստանում են ինքնիշխան խաղաղություն, գերտերությունների հետ հավասարակշռված հարաբերություններ, ճեղքում բոլոր ոլորտներում՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումից մինչև թոշակները ևս 10000-ով ավելացնելը:
ԼՀԿ-ի վարչապետի թեկնածու արքեպիսկոպոս Աջապահյանն է
«Լուսավոր Հայաստանն» Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ու նրա անունը նախընտրական ցանկի առաջին տողում՝ ծրագրային մոտեցումները չի նախընտրում այս ընտրարշավում։
«Եթե սա մեր ինքնությունը պաշտպանելու մասին ընտրություններ է, ի՞նչ թոշակ։ Դուք մտածում եք, որ մարդ, որը որ մտահոգված է իր ինքնությամբ, ուշք ու միտքը թոշակի իր մասին է, չէ», - ասաց Մարուքյանը:
Այս ընտրություններում որոշվելու է Հայաստանը հայկական պետություն կմնա, թե ոչ, ասում է Էդմոն Մարուքյանը. «Մենք առաջարկում ենք, որ պետական բուհերում կրթությունը լինի անվճար։ Եղավ, ապրեք։ Իսկ լինելո՞ւ են պետական բուհեր, իսկ լինելո՞ւ է պետություն։ Իսկ ի՞նչ բուհեր են լինելու: Կամ մենք առաջարկում ենք, որ բորդյուրը մի քիչ այսպես դրվի։ Այսինքն, ամբողջ Լեռնային Ղարաբաղը լավ բորդյուր էր դրած, ու՞ր է»։
Վարչապետական գզվրտոցի մեջ էլ չեն մտնում, պատգամավորական մանդատ ստանան այնտեղ կորոշվի, բացատրեց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը։ Փոխարենը կարևոր են համարում, որ երկրի նախագահը հեղինակություն ունեցող անձ լինի ու ունեն թեկնածու, արքեպիսկոպոս Աջապահյանն է, իշխանազավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդը։ Նախորդ ընտրություններում ընտրապայքարից դուրս մնացած ուժը այս ընտրություններին միայնակ է մասնակցում։ Ընդդիմադիր միասնական ճակատ, ընդհանուր ցուցակ չստացվեց, ասում է Մարուքյանը։ Ըստ նրա դրա պատասխանատուն խոշոր ընդդիմադիր ուժերն են։
«Մեկ ցուցակով ընդդեմ իշխանությանը մասնակցելու հնարավորությունը այլևս սպառված է։ Բայց կա բազմաթիվ ուժերի ակտիվ մասնակցության պրոցես, չէ՞, և այդ ուժերի միջև այլևս մրցակցություն է գնում», - նշեց նա։
Ընդդիմադիրների միջև պայքարն էլ դաժան է լինելու, ըստ Մարուքյանի, նրանց չհամախմբվելն ազդակ է ընտրողին, որ կան քաղաքական ուժեր, որոնց հավակնությունները գլխավոր խնդրից կարևոր են. «Բոլոր ընդդիմադիր ուժերը ունեն կոնսենսուս, որ իշխանությունը պետք է հեռացվի։ Սա մի կոնսենսուս է։ Բայց երբ որ պահը գալիս է, բա ո՞վ պետք է գա իրատ փոխարեն, չէ՞, այդտեղ ընդդիմադիր ուժերը չունեն կոնսենսուս, և յուրաքանչյուր ուժ մտածում է, որ պետք է ինքը գա։ Եվ այդտեղ իշխանության համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ»։
Կրկնում է ինքնության պաշտպանության, պետականության պահպանման հարցերն են առաջնային, թե չէ խորհրդարան անցնելուց հետո ով ում հետ կմիանա. «Այն որ ես ու՞մ կմիանամ, նա նրան չի միանա։ Այ ախպեր ջան, դե մի հատ դուք անցեք մի հատ, հետո կխոսաք ում կմիանաք։ Ի՞նչ գիտեք, դուք անցնելու եք։ Մենք ի՞նչ գիտենք այս ընտրությունները հասնելու են հունիսի 7-ին, ի՞նչ եք քննարկում»։
Այդ ամենը Մարուքյանին Կիկոսի մահն է հիշեցնում, ընտանիքն իր միակ եզը մորթեց չեղած Կիկոսի քելեխի համար։ Հիմա, ասում է, իշխանությունը փոխելու առողջ հնարավորությունն են ընդդիմադիրները մորթում, ով վարչապետ կդառնա հարցով։