Մատչելիության հղումներ

ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա պայմանավորվածություն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նախկինում ձեռք բերված համաձայնությունները իրագործելու:

«Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որը ինչ-որ մի ժամանակ էականորեն կա՛մ ընդհատվել էր, կա՛մ քչացել էր: Մենք, այո, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը:

Նոր Սահմանադրության տեքստի մասին

Փաշինյանն անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունմանը, ասաց, որ տեքստին ծանոթ է. «Հրապարակմանը կողմ եմ, բայց խնդիրն այն է, որ մի քանի կարևոր նյուանսների շուրջ, որ կապված են պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական և քաղաքական թիմում: Ես չեմ ուզում հրապարակենք թուղթն առանց այդ բանավեճերը հասցեագրելու»:

«Նախընտրական շրջանը գնալով ավելի արագ տեմպերով մոտենում է: Եթե չհասցնենք հասցեագրենք, հրապարակումը կմնա ընտրություններից հետո», - ընդգծեց Փաշինյանը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը եթե մեկուկես ամիս առաջ վստահ էր՝ Սահմանադրության նոր նախագիծը մարտին կհրապարակվի, այսօր արդեն հրաժարվում էր կոնկրետ ժամկետ նշել: Նախարարը, վստահեցնում է, թե նախագիծը պատրաստ է, իսկ հրապարակելու որոշումը կառավարությանն է:

Նոր Սահմանադրության գլխավոր ինտրիգը նախաբանն է: Հայաստանի անկախության հռչակագրին հղումը թողե՞լ են, թե՞ հանել են: Բաքուն է պահանջում, որ հղումը ջնջեն Հայաստանի մայր օրենքից: Այնտեղ հիշատակվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին, Բաքվից պնդում են, թե դա տարածքային նկրտում է Ադրբեջանի նկատմամբ: Փաշինյանը, որ հերքում է Բաքվի պահանջով Սահմանադրություն փոխելու պնդումները, մեկ ամիս առաջ ուղիղ հայտարարեց, դեմ է, որ հղումը լինի: Ըստ վարչապետի՝ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է:

Զինանշանի մասին

«Ազատության» հարցին՝ տեսնո՞ւմ է անհրաժեշտություն զինանշանի վրայից հեռացնելու Արարատ լեռի պատկերը, Փաշինյանը պատասխանեց. «Ես նման հարց չեմ բարձրացնում, ես բարձրացնում եմ մեր պետության և պետական ատրիբուտների, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաև հարևանների տարածքային ամբողջականությունն ընդունելն է, որովհետև մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ»:

«Իմ խնդիրն այն չի, որ մենք շատ խոսում ենք Արարատի մասին: Ի դեպ՝ Արարատ անվան հետ կապված, որ ընդդիմադիրները շատ ոչ կոռեկտ եղանակով օգտագործում են, ես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանում կա Արարատի մարզ, Արարատ բնակավայր, համայնք: Իմ խնդիրն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում, չենք տեսնում գիծը պետության և ոչ պետության միջև»:



Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG