Բանակից խուսափած 27-ից 37 տարեկան հայաստանցիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական առաջարկը։ Ամբողջական, մասնակի ծառայության կամ գումարի դիմաց դասալքության պատժից ազատող նախագիծն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Ընդ որում՝ դրան կողմ էին արտահայտվել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
ՔՊ-ական պատգամավորն իր հեղինակած օրինագծով առաջարկում է
դասալքության համար հետախուզվող հայաստանցիներին քրեական պատասխանատվությունից ազատվելու հինգ տարբերակ։ Առաջին տարբերակով՝ ինքնակամ Հայաստան վերադառնալ ու 24 ամիս ծառայել, երկրորդով՝ 12 ամիս ծառայել և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ, երրորդով՝ ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, չորրորդով՝ ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 8 մլն դրամ։ Իսկ ընդհանրապես չծառայելու դեպքում պետությանը վճարել 15 միլիոն դրամ։
«Նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցախ քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, ծառայելով և գումար վճարելով մարել Հայաստանի Հանրապետության առջև ունեցած իրենց պարտքը և նոր կյանք սկսել արդեն Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով. - «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև «Հայաստան» դաշինքին՝ կողմ քվեարկելու համար, և տարակուսած եմ՝ ինչու «Պատիվ ունեմ» դաշինքը կողմ չքվեարկեց, կարծում եմ՝ երկրորդ ընթերցմամբ նման հնարավորությունից կօգտվի»:
Օրինագծի քննարկման ժամանակ երեկ Հայկ Սարգսյանը հայտարարել էր, թե դասալքության հոդվածով հետախուզվող ավելի քան 1200 քաղաքացի կա, որոնք Հայաստան վերադառնալու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն։
«Այսօր ներկայացված փոփոխությամբ այդ հարցը կլուծվի մեկընդմիշտ: Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած հինգ տարբերակներից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքը այլևս 37 տարին է նրանց համար», - պնդել էր իշխանական պատգամավորը:
Դեռ ամռանը խորհրդարանը մերժել էր Սարգսյանի՝ պատկառելի գումարի դիմաց բանակից ազատվելու օրինագիծը։ Նա առաջարկում էր 18-32 տարեկան Հայաստանի քաղաքացիներին ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, կամ՝ 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար: Այն ժամանակ այս առաջարկը մեծ քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմադիրների, այլև քաղհասարակության կողմից: