Մատչելիության հղումներ

Թրամփ. Խարգ կղզու ռազմական օբյեկտներն «ամբողջությամբ ոչնչացված են»

Իրանի Խարգ կղզին՝ արբանյակից արված լուսանկարում, արխիվ
Իրանի Խարգ կղզին՝ արբանյակից արված լուսանկարում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը Մերձավոր Արևելքի պատմության մեջ «հզորագույն ռմբակոծություններից մեկով ամբողջությամբ ոչնչացրել են» ռազմական օբյեկտները Իրանի ռազմավարական Խարգ կղզու վրա, և ԱՄՆ նավատորմը շուտով կուղեկցի նավերը Հորմուզի նեղուցով:

«Րոպեներ առաջ իմ ցուցումով Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարությունն իրականացրեց Մերձավոր Արևելքի պատմության մեջ հզորագույն ռմբակոծություններից մեկը և ամբողջությամբ ոչնչացրեց ամեն մի ՌԱԶՄԱԿԱՆ թիրախ Իրանի թագի գոհարի՝ Խարգ կղզու վրա», - գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:

«Մեր զենքերն ամենահզորն են և ամենակատարյալը, որ Աշխարհին երբևէ հայտնի են եղել, սակայն, պարկեշտության նկատառումներով, ես որոշեցի Չվերացնել Նավթային Ենթակառուցվածքները կղզու վրա», - հավելել է ԱՄՆ նախագահը՝ այնուհանդերձ զգուշացնելով, որ եթե Իրանը «կամ որևէ այլ մեկը» որևէ քայլ անի՝ խոչընդոտելու նավագնացությունը Հորմուզի նեղուցով, ինքը կվերանայի իր որոշումը:

Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Խարգ կղզում հարձակումների ժամանակ ռազմական 90 թիրախ է ոչնչացրել «լայնածավալ ճշգրիտ հարվածների» շնորհիվ։

Հրամանատարությունը X-ում հայտնել է, որ ոչնչացրել են «ռազմածովային ականների պահեստներ, հրթիռների պահեստային բունկերներ և բազմաթիվ այլ ռազմական օբյեկտներ» ու զերծ են մնացել նավթային ենթակառուցվածքներին հարվածելուց։

Իրանի ափից մոտ 25 կմ և Հորմուզի նեղուցից շուրջ 480 կմ հեռու գտնվող Խարգ կղզում է երկրի նավթի 90 տոկոսի արտահանման տերմինալը:

XS
SM
MD
LG