Մատչելիության հղումներ

Միակ «հաղթողը» Իրանի դեմ պատերազմում

Հորմուզի նեղուցը
Հորմուզի նեղուցը

Ի՞նչ և ինչպե՞ս է Մոսկվան շահում Մերձավորարևելյան բախումներից

Իսրայելի և Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ սկսած պատերազմը բերել է էներգետիկ ճգնաժամի: Թեհրանը փաստացի փակ է պահում Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի պաշարների 20 տոկոսը: Այժմ մեկ բարել նավթը վաճառվում է ավելի քան 100 դոլարով, չնայած ռազմավարական պահուստներից 400 միլիոն բարել բաց թողնելու՝ Միջազգային էներգետիկ գործակալության որոշմանը։

Սա վատ լուր է սպառողների, բայց լավ լուր՝ Կրեմլի համար, որն աշխարհում 3-րդն է նավթի արտահանման ծավալներով։

Ռուսաստանն, ըստ Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի տվյալների, Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր ստացել է մոտ 6 միլիարդ եվրո եկամուտ՝ բրածո վառելիքի արտահանումից։

Վերլուծությունը ցույց է տվել, որ Մոսկվան մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր հավելյալ մոտ 510 միլիոն եվրոյի շահույթ է ստացել, ինչը 14 տոկոսով ավելի է փետրվարի օրական միջին ցուցանիշից։

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես՝ մեկ ամսով թուլացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները՝ պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար: Ըստ այդմ, ռուսական նավթն անարգել կարող է վաճառվել մինչև ապրիլի 11-ը։

Ավելի մեծ պահանջարկ և ավելի բարձր գին

Ընդդիմախոսները զգուշացնում են՝ պատժամիջոցների մեղմացումը կարող է խթանել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ՝ թույլ տալով Մոսկվային էներգակիրները վաճառել ավելի թանկ ու վերադառնալ ավելի շահութաբեր շուկաներ:

Բացի այդ, Ծոցի մի շարք երկրներ, այդ թվում՝ Կատարի խոշորագույն բնական գազ մատակարարող QatarEnergy-ին կասեցրել է վառելիքի արտահանումը՝ Իրանի թիրախավորումից հետո։ Պակասը կարող է լրացնել Մոսկվան՝ ավելացնելով ռուսական գազի մատակարարման ծավալները:

Չնայած սրան, էներգետիկ փորձագետները զգուշացնում են՝ դեռ շատ վաղ է Մոսկվային հաղթած համարել:

Իրանական ճգնաժամը Ռուսաստանի տնտեսության համար լուծում կլինի՞, թե՞ ոչ՝ կախված է նրանից, թե որքան կշարունակվի այս մի պատերազմը։

Ռուսաստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Վլադիմիր Միլովի պնդմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունում էական տարբերություն կլինի, եթե նավթի գները ներկայիս մակարդակին մնան մոտ մեկ տարի:

Եվս մեկ պատճառ կա, որ Մոսկվան կցանկանար՝ Իրանում պատերազմը երկարաձգվեր. այն հյուծում է Վաշինգտոնի զինանոցը՝ ստիպելով յուրաքանչյուր օր սպառել պաշարները, որոնց վրա Կիևը հույս էր դրել:

Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանը նաև Իրանին տրամադրում է հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ ռազմանավերն ու ինքնաթիռները թիրախավորելու համար։




XS
SM
MD
LG