Բանակցությունների հնարավորության մասին CNBC-ի հարցին ի պատասխան՝ Սպիտակ տան առաջնորդը պնդել է, որ Իրանը պատվիրակություն կգործուղի Իսլամաբադ, չնայած Թեհրանից չեն հստակեցնում՝ պատվիրակներ կգործուղե՞ն Իսլամաբադ, թե՞ ոչ։
«Երբ ասացին, որ չեն ուղարկի, ես ասացի՝ կուղարկեն։ Այլ տարբերակ, քան ուղարկելն է, չունեն։ Իմ կարծիքով՝ շատ լավ գործարք ենք կնքելու», - ասել է նախագահ Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անորոշ ժամանակով կերկարաձգի Իրանի հետ հրադադարը՝ հետագա խաղաղ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։
Սոցիալական ցանցերում արված հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է պակիստանցի միջնորդների խնդրանքին՝ «հետաձգել Իրանի վրա մեր հարձակումը մինչև այն պահը, երբ նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները կարողանան ներկայացնել միասնական առաջարկ...»։
Թեև Թրամփը հայտարարեց, որ միակողմանիորեն երկարաձգում է հրադադարը, նախագահը նաև ասել է, որ կշարունակի ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Իրանի ծովային առևտրի շրջափակումը, ինչը Իրանը համարում է հրադադարի խախտում:
«Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանը չի խնդրել հրադադարի երկարաձգում:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խորհրդականը հրադադարի երկարաձգումը «անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու հնարք» է անվանել՝ շեշտելով, որ Իրանը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի։
Անորոշ է նաև բանակցությունների հեռանկարը: Չնայած երեկ հաղորդվում էր, որ ԱՄՆ փոխնախագահն այսօր կժամանի Իսլամաբադ՝ բանակցելու, Սպիտակ տունը, սակայն, այսօր հաստատել է, որ Ջեյ Դի Վենսի այցը չեղարկվել է:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն այսօր շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմում հրադադարի ռեժիմը երկարաձգելու իր երկրի խնդրանքն ընդունելու համար, որպեսզի շարունակվեն դիվանագիտական ջանքերը։
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ երկու կողմերն էլ կշարունակեն պահպանել հրադադարը և կկարողանան կնքել համապարփակ «խաղաղության համաձայնագիր» Իսլամաբադում նախատեսված բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում՝ հակամարտությանը վերջնականապես վերջ դնելու համար», - X-ի վրա գրառման մեջ ասել է Շարիֆը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանը «ֆինանսապես փլուզվում է» կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցի փակման պատճառով։
«Նրանք ցանկանում են, որ Հորմուզի նեղուցն անմիջապես բացվի: Նրանք օրական կորցնում են 500 միլիոն դոլար», - Truth Social-ում գրել է Թրամփը՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը «փողի լուրջ պակաս ունի»։
Իրանի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը քիչ ազդեցություն է ունեցել երկրի՝ հիմնական ապրանքներ և սնունդ մատակարարելու հնարավորության վրա՝ նշելով ներքին արտադրության բարձր մակարդակը և ներմուծման այլընտրանքային ուղիները։
«Չնայած ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակմանը, մենք խնդիր չունենք հիմնական ապրանքների և սննդի մատակարարման հարցում, քանի որ երկրի մեծության շնորհիվ հնարավոր է ներմուծումներ կատարել տարբեր սահմաններից», - հայտարարել է գյուղատնտեսության նախարարը:
Չնայած ԱՄՆ-ի կողմից հրադադարի երկարաձգմանը՝ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը հայտարարել է, որ իրանական զինուժը Հորմուզի նեղուցում կրակել է երկու բեռնատար նավի վրա, որոնցից մեկը լրջորեն վնասվել է:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին Իրանի հարավային հարևաններին սպառնացել է ոչնչացնել նրանց նավթային արդյունաբերությունը, եթե այդ երկրների տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։
Լիբանանում ևս իրավիճակը փխրուն է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական հարվածից Բեկա քաղաքում մեկ մարդ է սպանվել: Իսրայելական ուժերը դեռ գործողություններ են իրականացնում Լիբանանի հարավի մի շարք բնակավայրերում և բնակիչներին զգուշացրել են հեռու մնալ այդ տարածքից:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը՝ ի պատասխան հրադադարի խախտումների:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի վերսկսել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կարգավորման փորձերն այն ժամանակ, երբ դա կհամարի գործնականորեն օգտակար։
«Դիվանագիտությունն ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու գործիք է, և երբ հասկանանք, որ ստեղծված են անհրաժեշտ և տրամաբանական նախադրյալներ այդ գործիքը կիրառելու համար՝ ազգային շահերը կյանքի կոչելու նպատակով, մենք կգործենք», - Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Բաղային և հավելել՝ Իրանի բանակը լիովին պատրաստ է արձագանքել, եթե զինված հակամարտությունը վերսկսվի։
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակը նաև կրկին մեղադրել է ԱՄՆ-ին՝ պնդելով, որ ամերիկյան բանակցողները Թեհրանի հետ շփումների ընթացքում մշտապես փոխում են իրենց դիրքորոշումը։ Իրանը, մինչդեռ, երբեք չի խախտում իր պարտավորությունները, շեշտել է Բաղային:
Ապրիլի 22-ին ԱՄՆ Սենատը 51 կողմ, 46 դեմ ձայներով մերժեց դեմոկրատների նախաձեռնած առաջարկը՝ սահմանափակելու նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունը՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում։
Սա նման հինգերորդ փորձն էր ութ շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում։ Վիսկոնսինից սենատոր Թեմի Բոլդուինի գլխավորած առաջարկը պահանջում էր ամերիկյան զինված ուժերը դուրս բերել Իրանի ներսում կամ նրա դեմ իրականացվող ռազմական գործողություններից, եթե դրանց համար Կոնգրեսից հստակ թույլտվություն չկա։
Դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը, հանրապետականների մեծամասնության հետ միասին, քվեարկեց առաջարկի դեմ, մինչդեռ հանրապետական Ռենդ Փոլը միացավ դեմոկրատներին և աջակցեց նախաձեռնությանը։
Դեմոկրատները հայտարարել են, որ շարունակելու են նոր քվեարկություններ առաջ մղել։
Պանաման դատապարտել է Հորմուզի նեղուցում իր դրոշի ներքո նավարկող նավի առգրավումը
Պանամայի արտգործնախարարությունը հայտնել է, որ MSC Francesca նավը «հարկադրաբար» է տեղափոխվել է իրանական ջրեր։
Պանաման նաև մեղադրել է Իրանին միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ՝ նշելով, որ այս քայլը «լուրջ հարված է ծովային անվտանգությանը»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը ապրիլի 22-ին հայտարարել էին, որ առգրավել են «երկու խախտում թույլ տված նավ», որոնք, ըստ իրենց, փորձել են «գաղտնի կերպով» լքել Հորմուզի նեղուցը։
ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ իսրայելցի սեփականատիրոջ հետ կապվող MSC Francesca-ն և հունական Epaminondas-ը կանգնեցվել են այն հիմնավորմամբ, թե դրանք փորձել են առանց թույլտվության անցնել նեղուցը՝ բազմակի խախտումներով, վնասել նավիգացիոն օժանդակ համակարգերը և վտանգի ենթարկել ծովային անվտանգությունը։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել են, որ նավերը տեղափոխվել են Իրանի տարածքային ջրեր՝ բեռը և փաստաթղթերը ստուգելու նպատակով։ Այս հայտարարությունը հնչել է այն օրը, երբ ծովային աղբյուրների փոխանցմամբ՝ կրակահերթի թիրախ էին դարձել նաև երեք կոնտեյներային նավ։