Թրամփի «անհեթեթ հայտարարությունները չեն ստիպի մեզ» բացել Հորմուզի նեղուցը «թշնամի» երկրների համար, այսօր հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները։
«Հորմուզի նեղուցին վերաբերող որոշումները կայացնելու են բացառապես Իրանն ու Օմանը»,-իր հերթին, հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում գործող Press TV անգլալեզու ալիքի հետ զրույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության թիրախներին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում:
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի այդ աշխատանքը՝ հավելելով՝ ամերիկացի զինվորականները հասել են Իրանում իրենց գրեթե բոլոր նպատակներին:
«Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք պատրաստվում ենք չափազանց ուժեղ հարված հասցնել նրանց: Մենք պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է», - ասել է Թրամփը:
Նավթի գները աճել են, իսկ շուկաները անկում են ապրել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռուստաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ուժեղ» հարվածներ կհասցնի Իրանին։
Իր ելույթում Թրամփը դաշնակիցներին կոչ է արել «քաջություն հավաքել»՝ ապահովելու նավագնացությունը Հորմուզի նեղուցում՝ պնդելով, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չունի։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների մասին։
Այս հաղորդագրությունը հրապարակվել է Թրամփի 19 րոպեանոց ելույթից ընդամենը 15 րոպե անց, որի ընթացքում նա հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմում ռազմավարական գրեթե բոլոր նպատակներին հաջողվել է հասնել, և Թեհրանի ռազմական կարողությունները ոչնչացվել են։
Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում է հետ մղել իր ուղղությամբ արձակված հրթիռների և անօդաչու սարքերի հարձակումները, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունն առավոտյան ժամերին:
Նախարարությունը նշել է, որ հարձակումները իրականացվել են Իրանի կողմից, և զգուշացրել է բնակչությանը երկրի տարբեր հատվածներում լսվող ձայների մասին՝ ընդգծելով, որ իրականացվում են հրթիռների վնասազերծման աշխատանքներ։
Իր ելույթում Թրամփը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին և Պարսից ծոցի մյուս դաշնակիցներին, որոնք հայտնվել են Իրանի հարվածների տակ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրականացնում են «խելահեղ ահաբեկչական հարձակումներ» նավթատարների և հարևան երկրների դեմ, որոնք «ոչ մի առնչություն չունեն հակամարտության հետ»՝ անդրադառնալով էներգակիրների գների աճի վերաբերյալ մտահոգություններին։
Թեհրանը կշարունակի պատերազմը Մերձավոր Արևելքում այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն բախվել «ափսոսանքի» և չեն հանձնվել:
Թեհրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաքարիի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, որում նա հայտնել է՝ Վաշինգտոնը մի քանի շաբաթվա ընթացքում «չափազանց ուժեղ հարված» կհասցնի Իրանին:
Զոլֆաքարին պնդել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռազմական ներուժի գնահատականները «թերագնահատված» են եղել:
«Իրանն ակտիվացնում է իր ռազմական գործողությունները՝ իր հակառակորդների համար նախապատրաստելով «ավելի ջախջախիչ, մասշտաբային և կործանարար» հարձակումներ», - հավելել է նա:
ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանում Վաշինգտոնի գործողությունների ընթացքում ցուցաբերած անբավարար աջակցության համար:
Դոնալդ Թրամփը պնդել է, թե ԱՄՆ նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունը չէր, սակայն դա արդեն տեղի է ունեցել: Նա պնդել է, թե Իրանի դեմ ռազմական գործողությունն անհրաժեշտություն էր, քանզի եթե չմիջամտեին, Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել: Իսկ միջուկային Իրանն «անընդունելի սպառնալիք» է ԱՄՆ համար:
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Թրամփին: Արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ սպառնալիքները և կշարունակի հակահարված տալ այնքան, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են հարվածները:
«Մենք չենք հանդուրժի պատերազմի, բանակցությունների, հրադադարի և այնուհետև նույն օրինաչափության կրկնության այս արատավոր ցիկլը: Սա անարդար պատերազմ է, որը պարտադրվել է Իրանի ժողովրդին։ Մենք այլընտրանք չունենք, քան վճռական հակահարված տալը», - ասել է Էսմայիլ Բաղային:
Պատերազմի 34-րդ օրը Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին ու Լիբանանին: Պաշտոնական տվյալներով՝ առ այսօր ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով միայն Թեհրանում 33 հազար տուն է վնասվել:
Իրանն ու Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն իրենց հերթին հարվածել են Իսրայելին: Կան վիրավորներ:
Պատերազմի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը անցել է 5000-ը: Միայն Իրանում զոհվել է 3519 մարդ, Լիբանանում՝ 1318 մարդ, իսկ Իսրայելում զոհերի թիվը 19 է, 13 զոհ էլ ունի ԱՄՆ-ն: Զոհեր և վիրավորներ կան նաև Պարսից ծոցի երկրներում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթիին։
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ բանակցությունները կկենտրոնանան Իրանի պատերազմի և Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա։
«Բացի Ռուսաստանի և Եգիպտոսի միջև լայնածավալ երկկողմ հարաբերություններից, նախատեսվում է մանրամասն քննարկել Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում տեղի ունեցող զարգացումները՝ կապված Իրանի շուրջ ընթացող պատերազմի հետ», - պարզաբանել է Դմիտրի Պեսկով՝ չբացառելով, որ նախագահը երեկոյան «միջազգային հեռախոսազրույց» կունենա։ Թե ում հետ մասնավորապես, Պեսկովը չի նշել։
«Այդ մասին ևս ձեզ կտեղեկացնենք»,- եզրափակել է Պեսկովը։