ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար «վերցնել Իրանի նավթը», բայց միաժամանակ վստահեցրել է, թե Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները «չափազանց լավ» են ընթանում, և ինքը «գրեթե վստահ է», որ կկնքվի խաղաղության համաձայնություն։ Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարություններն արել է Financial Times-ին տված հարցազրույցում և դրանից հետո՝ Air Force One-ում լրագրողների հետ զրույցում։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանի հետ շփումները ընթանում են ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի ձևաչափով, և պնդել է, թե Թեհրանը մասամբ բացում է Հորմուզի նեղուցը։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի ուղիղ բանակցություններ ասելով։
«Մենք այդ բանակցություններում չափազանց լավ ենք առաջ գնում։ Բայց Իրանի դեպքում երբեք չգիտես՝ մենք բանակցում ենք նրանց հետ, հետո միշտ ստիպված ենք լինում ռմբակոծել», - ասել է Թրամփը՝ հիշատակելով թե՛ B-52 ռմբակոծիչները, թե՛ 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը։ Նրա խոսքով՝ գործարք կլինի, բայց չի բացառել նաև հակառակ սցենարը։ Թրամփը նաև հայտարարել է, թե Իրանի վարչակարգն արդեն «ջախջախված» է, իսկ նոր ղեկավարներին բնութագրել է որպես «շատ ողջամիտ»։
FT-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ իր նախընտրած տարբերակը Իրանի նավթը վերցնելն է։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերցնել Խարգ կղզին, որտեղից արտահանվում է իրանական նավթի մեծ մասը։ Սպիտակ տան ղեկաարի խոսքով՝ Իրանը, հավանաբար, չի կարողանա պաշտպանել այդ կղզին։
Իրանը մահապատժի է ենթարկել երկու տղամարդու, որոնք, ըստ պաշտոնական Թեհրանի, կապեր են ունեցել Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության հետ և ծրագրել են Թեհրանում ինքնաշեն հրթիռային սարքերով հարձակումներ։
Իրանի դատական համակարգի լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մահապատժի են ենթարկվել Աքբար Դանեշվար-Քարն ու Մոհամմադ Թաքավի Սանգդեհին։ Պաշտոնական վարկածով՝ նրանք մասնակցել են «մի շարք ահաբեկչական գործողությունների», իսկ նրանց հետ կապվող գաղտնի բնակարաններում հայտնաբերվել էին պայթուցիկ սարքեր և հարակից սարքավորումներ։
Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպութունը իրանական ընդդիմադիր կազմակերպություն է, որը գործում է 1960-ականներից և ընդդիմացել է թե՛ շահի իշխանությանը, թե՛ Իսլամական Հանրապետությանը։ Միացյալ Նահանգները նախկինում այն ներառել էր օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն 2012 թվականին այդ կարգավիճակը հանվել էր։
Իրանական լրատվամիջոցները հաստատել են, որ սպանվել է Իրանի բնական պաշարների և ջրային ավազանների կառավարման կազմակերպության պահպանության ստորաբաժանման հրամանատար Մաջիդ Զաքարիաեին։
Խոսքը պետական այն կառույցի մասին է, որը պատասխանատու է անտառների և ջրային ռեսուրսների պահպանության համար։
ISNA գործակալության փոխանցմամբ՝ Զաքարիաեին վիրավորվել էր մարտի 28-ի հարձակումների ժամանակ, իսկ մահացել է մարտի 29-ի գիշերը։
Զաքարիաեին ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել մեկ տարի առաջ։ Մինչ այդ ղեկավարել էր Իրանի հողային հարցերով պետական կազմակերպության պահպանության ստորաբաժանումը։
Human Rights Watch-ը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները բազմիցս կիրառել են բալիստիկ հրթիռներով հասցվող կասետային զինամթերք, ինչը խախտում է պատերազմի օրենքները և կարող է համարվել ռազմական հանցագործություն։
Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ՝ կասետային զինամթերքի կիրառմամբ իրանական կողմը առնվազն երեք անգամ հարվածել է Իսրայելի բնակեցված շրջաններին, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։
«Իրանի կողմից Իսրայելի բնակեցված տարածքներում կասետային զինամթերքի կիրառումը կանխատեսելի և երկարատև վտանգ է ստեղծում խաղաղ բնակիչների համար», - ասել է Human Rights Watch-ի ճգնաժամերի, հակամարտությունների և սպառազինության հարցերով հետազոտող Պատրիկ Թոմփսոնը։
Նրա խոսքով՝ կասետային զինամթերքի փոքր ռումբերը տարածվում են մեծ մակերեսով, ինչի հետևանքով այդ զինատեսակը չի տարբերակվում և, հետևաբար, հակասում է պատերազմի օրենքներին։
Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ մարտի 30-ին բոլոր դասերը կանցկացվեն առցանց՝ անվտանգության նկատառումնեից ելնելով։ Բուհը նշում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Իրանի կողմից Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների հասցեին հնչեցված սպառնալիքները։
«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», - ասված է բուհի հայտարարությունում։
Ավելի վաղ Թեհրանը սպառնացել էր հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական համալսարաններին՝ ի պատասխան իրանական երկու բուհերի ռմբակոծության։ Fars գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը մինչև մարտի 30-ը չդատապարտի այդ հարձակումները, ապա տարածաշրջանում գտնվող ամերիկյան համալսարանները կարող են դառնալ պատասխան գործողությունների թիրախ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր բլոգում շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հումանիտար աջակցության ու ծանր շրջանում բարեկամական կեցվածքի համար։
«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց է գրել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ էլ Արաղչին երախտագիտություն էր հայտնել Ադրբեջանին՝ «նրանց մարդասիրական օգնության, ինչպես նաև այլ երկրներից օգնություն հասցնելու համար ստեղծված պայմանների համար»։
Իրանը միջնորդներից հաղորդագրություններ է ստացել, որոնք վկայում են Միացյալ Նահանգների՝ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն ԱՄՆ առաջարկներն «անիրատեսական, անտրամաբանական և չափազանցված» են։ Այսօր այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղեին։
Երեկ հայտնի դարձավ, որ Իսլամաբադում հանդիպել են Պակիստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարները։ Նախնական քննարկումները հիմնականում կենտրոնացած էին նավագնացության համար Հորմուզի նեղուցը վերաբացելու առաջարկների վրա։
«Մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք ռազմական ագրեսիայի տակ ենք։ Հետևաբար, մեր բոլոր ջանքերն ու ուժերը կենտրոնացած են ինքնապաշտպանության վրա»,- ասել է Բաղեին։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի նավթի արտահանման կենտրոն Խարգ կղզին, նավթային հորերն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը շուտով համաձայնություն չկնքի պատերազմի ավարտի վերաբերյալ։
Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանում «լուրջ բանակցություններ» է վարում «ավելի խելամիտ վարչակարգի» հետ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունն ընթանում է սպասվածից արագ և կտևի մի քանի շաբաթ։
«Մենք ընթանում ենք ծրագրի համաձայն և, անկեղծ ասած, որոշ ուղղություններով նույնիսկ առաջ ենք։ Մենք կհասենք մեր նպատակներին մի քանի շաբաթում, ոչ թե ամիսների ընթացքում»,- ասել է Ռուբիոն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Եգիպտոսի նախագահ Ադդել Ֆաթթահ ալ-Սիսին հորդորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը։
«Ոչ ոք չի կարող դադարեցնել պատերազմը մեր տարածաշրջանում, Միջերկրական ծովում, Ձեզնից բացի։ Խնդրում եմ, պարոն նախագահ, խնդրում եմ։ Խնդրում եմ օգնեք մեզ կանգնեցնել պատերազմը։ Դուք կարող եք դա անել»,- հայտարարել է Սիսին Կահիրեում անցկացված Եգիպտոսի էներգետիկ ցուցահանդես 2026 կոնֆերանսում։
Սիսիի խոսքով՝ պատերազմը կհանգեցնի մատակարարման պակասի և գների բարձրացման կրկնակի ցնցումների, որոնց ամբողջ ծավալը դեռևս չի զգացվել։