Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, հաղորդում է ԱԳՆ-ն:
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
Նրանք կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:
Միջազգային պարալիմպիական կոմիտեն այսօր հայտարարեց, որ Իրանը չի մասնակցի Միլանո-Կորտինա 2026 թ. ձմեռային Պարալիմպիական խաղերին։
«Իրանի ազգային պարալիմպիական կոմիտեն մեզ տեղեկացրել է, որ հնարավոր չէ ապահովել անվտանգ ճանապարհ դեպի Միլանո-Կորտինա 2026, ինչի հետևանքով նրանք չեն կարող հասնել խաղերին»,- հայտարարել է Միջազգային պարալիմպիական կոմիտեն նախագահ Էնդրյու Փարսոնսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ որևէ համաձայնագիր չի կնքվի «անվերապահ կապիտուլյացիայից» բացի։
«Դրանից հետո, երբ ընտրվի հզոր ու ընդունելի առաջնորդ(ներ), մենք մեր բազմաթիվ հրաշալի և շատ քաջ դաշնակիցների ու գործընկերների հետ միասին անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից հետ բերելու համար»,- սոցիալական ցանցում գրել է Թրամփը՝ հավելելով, որ կաշխատեն նաև Իրանի տնտեսությունը խթանելու ուղղությամբ։
Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում կործանիչ ինքնաթիռները հարվածել են Թեհրանում գտնվող Իրանի ռեժիմի գլխավոր շտաբին։
Իսրայելը հայտարարել է, որ իր 50 ռազմական ինքնաթիռներ հարվածել են Թեհրանում գտնվող Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ավերված համալիրի տակ գտնվող բունկերին, որը նրա սպանությունից հետո էլ շարունակում էր օգտագործվել Իրանի ղեկավարության կողմից։
Լիբանանում Իսրայելի կողմից «Հեզբոլա» խմբավորման դեմ իրականացված հարվածներից շուրջ 220 մարդ է զոհվել, հաղորդում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածների հետևանքով վիրավորների թիվը հասնում է 800-ի։
Դեռ երեկ հաղորդվում էր 102 զոհի և 638 վիրավորի մասին։
Իսրայելի Պաշտպանության բանակի և «Հեզբոլա» շարժման միջև ռազմական գործողությունները վերսկսվել են փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած գործողության ֆոնին։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունների՝ գործողությունների թիրախում էին Ադրբեջանի կարևորագույն ենթակառուցվածքները և բարձրաստիճան պաշտոնյաները։ Նպատակակետերի թվում էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը», սինագոգը և այլն:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները հարվածել է ավելի քան 3000 թիրախի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Փեզեշքիանը մանրամասն ներկայացրել է հակամարտության վերջին ակտիվ փուլի զարգացումները։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, Իրանի շուրջ, Մերձավոր Արևելքում առաջացող ցանկացած խնդրի լուծման համար ուժի կիրառման մերժման և դիվանագիտական կարգավորման ուղուն արագ վերադարձի։
Իսրայելը հարվածել է Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանին, հայտնում է Al Jazeera-ն:
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նրանից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել Qatar Airways-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։
«Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։ Qatar Airways ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը», - նշել է ԱԳՆ խոսնակը։
Նա նաև տեղեկացնում է, որ Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. «4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։ 7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղիով, ևս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն»: