Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով առ այսօր վնասվել է 3600-ից ավելի քաղաքացիական բնակավայր, այդ թվում՝ 3090 տուն, 528 առևտրային և սպասարկման կենտրոն, 14 բժշկական հաստատություն: Թիրախների մեծ մասը եղել են «խիտ բնակեցված բնակելի տարածքներում»։
UNICEF-ի տվյալներով պատերազմի հետևանքով առ այսօր մոտ 200 երեխա է սպանվել Մերձավոր Արևելքում, նրանցից 180-ը՝ Իրանում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի: Գներալ Ալի Մոհամմադ Նաեինին նշել է, որ Իրանը շուտով առաջադեմ զինատեսակներ կկիրառի, որոնք առ այսօր չեն կիրառվել և «ցավոտ հարվածներ» կհասցնեն թշնամիներին:
Մարտի 4-5-ը FlyDubai ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այսօր նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ:
Դուբայի բնակիչները Միացյալ Արաբական Էմիրությունների ներքին գործերի նախարարությունից զգուշացնող հաղորդագրություններ են ստացել իրենց հեռախոսներին, որով կոչ է արվել պատսպարվել հնարավոր հրթիռային սպառնալիքից։ Այս մասին հաղորդում է AFP -ն՝ հրապարակելով իր թղթակիցների ստացած հաղորդագրությունը։
«Ներկայիս իրավիճակի և հնարավոր հրթիռային սպառնալիքների պատճառով անմիջապես պատսպարվեք մոտակա անվտանգ շենքում և հեռու մնացեք պատուհաններից, դռներից ու բաց տարածքներից», - ասված է զգուշացման մեջ։
Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել: Նախօրեին եվրոպական մի շարք պետություններ հայտարարել էին, որ ռազմածովային և այլ միջոցներ կուղարկեն կղզու պաշտպանությունն ապահովելու համար։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հրահանգել է տարհանել ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատան, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակազմին։
Այդ մասին երկրի գլխավոր դիվանագետը հայտարարել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Բայրամովն ընդգծել է, որ տեղի ունեցող գործընթացների ֆոնին չի կարելի մարդկանց կյանքը վտանգի տակ դնել։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի միջամտում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը, այլ միայն պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին։
Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան ռազմական ուժերի հավելյալ ստորաբաժանումներ է ուղարկել Մերձավոր Արևելք, այդ թվում՝ «Շառլ դը Գոլ» ավիակիր նավը, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին, որոնք ենթարկվել են Իրանի կողմից իրականացված հարվածների, ինչպես նաև օգնելու նրանց «կասեցնել անօդաչու սարքերն ու հրթիռները»։
Le Figaro թերթին տված հարցազրույցում Մակրոնը նաև նշել է, որ Փարիզը ջանքեր է գործադրում փորձելու ապահովել ծովային նավագնացության անվտանգությունը։
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը փոխանցել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչը, որով վերջինս կոչ է արել ներդրումներ կատարել խաղաղության, այլ ոչ թե հակամարտությունների մեջ։
Նյու Յորքում արված Գուտերեշի հայտարարությունը ներկայացնելիս ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ վերջին տասնամյակներում միջուկային զենք օգտագործելու ռիսկն ամենաբարձր մակարդակի վրա է հասել։ Ընդգծել է, որ լարվածության աճը հրահրում է ռազմական ծախսերի աստղաբաշխական մակարդակի բարձրացում։
Իրանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրում պատերազմի պատճառով բոլոր համալսարանները փակվել են մինչև հետագա ծանուցում։
Eslahat News-ը, հղում կատարելով Գիտությունների նախարարությանը, հաղորդում է, որ դադարեցվել են բոլոր ակադեմիական գործունեությունները։
Հաղորդագրության համաձայն՝ դադարեցվել են թե՛ առկա դասախոսությունները, թե՛ առցանց ուսուցումն ու դասընթացները։
Իրանում դպրոցի վրա հարձակման վերաբերյալ անհրաժեշտ է անաչառ, թափանցիկ և անկախ հետաքննություն։ Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր քարտուղար Վոլքեր Թյուրքը՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին իր արդեն հայտարարած քննությունը հետևողական և շատ արագ իրականացնել։
«Մենք պահանջում ենք, որ դա կատարվի շատ արագ, և պետք է նաև ապահովել պատասխանատվություն և փոխհատուցում վնասներ կրողների», -ընդգծել է ՄԱԿ-ի պաշտոնյան։