Մատչելիության հղումներ

եթերում Սպիտակ տուն. ԱՄՆ նախագահը հրադադարի նոր վերջնաժամկետ չի սահմանել

Գլխավորը՝ համառոտ

08:49 5.3.2026

Իրանցի պաշտոնյաների վերջը, որոնք հավակնում են փոխարինել տապալված առաջնորդներին, մահն է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «կշարունակեն առաջ մղել» իրենց ռազմական արշավը մերձավորարևելյան երկրի դեմ։

«Մենք այժմ շատ ուժեղ դիրքում ենք, և նրանց ղեկավարությունը արագորեն անհետանում է։ Յուրաքանչյուր ոք, ով, կարծես, ցանկանում է առաջնորդ լինել, վերջում մահանում է», - ասել է Թրամփը մարտի 4-ին Սպիտակ տանը տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ

08:49 5.3.2026

Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի:

Սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից՝ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո, Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է:

09:13 5.3.2026

Համաշխարհային տնտեսության կայունությունը փորձության է ենթարկվում Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով, հինգշաբթի հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևան:

Գեորգիևան ասել է, որ հակամարտությունը նոր պահանջներ կներկայացնի ամբողջ աշխարհի քաղաքական գործիչներին, և աշխարհը պոտենցիալ փոփոխությունների երկար ժամանակահատվածում է:

09:41 5.3.2026
Թեհրան, Իրան, մարտի 4, 2026թ.
Թեհրան, Իրան, մարտի 4, 2026թ.

Իրանի առողջապահական գերատեսչության հաղորդմամբ՝ երկրում տուժածների թիվը գերազանցել է 6 հազարը, հարձակման է ենթարկվել 172 քաղաք:

09:51 5.3.2026

Իրանի զինված ուժերը, շեշտելով, որ հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը, հերքում են, որ որևէ հրթիռ են արձակել նրա տարածքի ուղղությամբ: Այս մասին ասվում է պետական ԶԼՄ-ների կողմից հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը Սիրիայի և Իրաքի օդային տարածքով անցնելուց հետո ոչնչացվել Է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածի վրա:

10:39 5.3.2026

Իրանում՝ մայրաքաղաք Թեհրանում և Քարաջում պայթյունների ձայներ են լսվում, հաղորդում է տեղական մեդիան:

10:56 5.3.2026

Հնդկական օվկիանոսում ամերիկյան սուզանավի հարվածից ողջ մնացած 32 փրկված իրանցի նավաստիներ բուժվում են Շրի Լանկայի հիվանդանոցում, հայտարարել են իշխանությունները:

Գալլե նավահանգստային քաղաքի հիվանդանոցի պաշտոնյաները հայտնել են, որ ողջ մնացածները բուժվում են թեթև վնասվածքների պատճառով և կարող են դուրս գրվել օրվա ընթացքում։

Շրի Լանկայի պաշտոնյաները հավելել են, որ մարտի 4-ին «Իրիս Դենա»-ից ստացված աղետի ազդանշանին արձագանքած ռազմական փրկարարները հայտնաբերել են 87 մարմին, մոտ 60 նավաստի անհետ կորած է համարվում, և որոնումները շարունակվում են։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավ Շրի Լանկայի ափերի մոտ։

Հարձակումը, որը տեղի է ունեցել Պարսից ծոցից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա, զգալիորեն ընդլայնել է պատերազմի աշխարհագրական շրջանակը։

12:32 5.3.2026

Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Պարզ չէ, թե քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք է բախվել այդ տարածքում։

Աղբյուրի կողմից տրամադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծուխ բարձրանում Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալից, որը գտնվում է Իրանի սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։

Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հաղորդումները:

12:49 5.3.2026

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաստատել է ԶԼՄ-ների հաղորդումները Իրանի տարածքից Նախիջևանին հարված հասցնելու մասին: Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

12:50 5.3.2026

Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ է տուժել, հայտնել է պաշտոնական Բաքուն՝ հավելելով՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG