Իրանի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի որոշ պատմական վայրերի, այդ թվում՝ Գոլեսթան պալատի և Թեհրանի հայտնի Մեծ շուկայի վրա ռմբակոծությունների ազդեցության վերաբերյալ։
16-րդ դարից ի վեր կառուցված Գոլեսթան պալատը նաև Ղաջարների դինաստիայի նախկին արքունիքն ու նստավայրն էր։
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հայտարարել է, որ Բեն Գուրիոն օդանավակայանը հինգշաբթի օրը կվերաբացվի սահմանափակ թվով մուտքային չվերթների համար, որպեսզի սպասարկեն արտասահմանում մնացած քաղաքացիներին տուն վերադարձնող չվերթները։
Ավելի վաղ այսօր Հորդանանը հայտարարել էր, որ բացելու է իր օդային տարածքը։ Սակայն Մերձավոր Արևելքում շարունակում են գործել օդային տարածքի մեծածավալ սահմանափակումներ, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ուղևորներ մնացել են ճանապարհին։
Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտել է երեխաների նկատմամբ բռնությունը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում, որը տեղի է ունեցել, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը թիրախավորել են Իրանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Իրանում և ամբողջ տարածաշրջանում ռազմական գործողությունները կործանարար են և լուրջ սպառնալիք են ներկայացնում երեխաների համար», - ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրությունում։
«Քաղաքացիական բնակչության, դպրոցների և հիվանդանոցների վրա չպետք է հարձակվել։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրելու վախից զերծ»,- նշվում է հաղորդագրությունում։
Իրանում այսօր հուղարկավորվել են Իրանի հարավային Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զոհված 165 դպրոցական աղջիկներն ու դպրոցի աշխատակիցները։
Շաբաթ սկսված պատերազմի ընթացքում դա մինչ օրս տեղի ունեցած ամենամահաբեր միջադեպն էր։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուժեղացրել է երկրի սահմանների պաշտպանությունը Լիբանանի և Իրաքի հետ՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։
Սահմանային շրջաններ են տեղափոխվել հրթիռային ստորաբաժանումներ և հազարավոր զինծառայողներ, հայտնում են Reuters-ի աղբյուրները։
Սիրիական զինվորականների խոսքով՝ այդպես նպատակ ունեն կանխել զենքի և թմրանյութերի մաքսանենգությունը, ինչպես նաև թույլ չտալ, որ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի կամ այլ զինյալ խմբավորումների անդամները ներթափանցեն Սիրիա։
ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկերներին Հորմուզի նեղուցով անցնելիս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ապահովագրական և ֆինանսական երաշխիքներ տրամադրել Պարսից ծոցում ծովային առևտրի համար։
Նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Իսրայելի և ԱՄՆ-ի ուժերը հարվածներ են հասցրել Իրանին։ Brent տեսակի նավթը թանկացել է առնվազն 13 տոկոսով՝ հասնելով 82 դոլարի:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի հրամանատար ադմիրալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան գործողությունները ընթանում են նախատեսվածից արագ։
Քուփերի խոսքով՝ Իրանի հակաօդային պաշտպանությունը լրջորեն վնասվել է, նրա ռազմածովային ուժերը կարևոր ջրուղիներում գործող նավեր չունեն այն բանից հետո, երբ խորտակվել է 17 նավ, հարվածների է ենթարկվել ավելի քան 2000 իրանական թիրախ։
Իսրայելի բանակը պատերազմի 5-րդ օրը հայտարարել է Իրանի վրա նոր հարվածներ հասցնելու մասին՝ թիրախավորելով Իրանի հրթիռային արձակման կայանները, հակաօդային պաշտպանության համակարգերը և ռազմական ենթակառուցվածքները։
Իսլամական հեղափոխության պահապահնների կորպուրսը (ԻՀՊԿ) խոստացել է փակել Հորմուզի նեղուցը՝ պնդելով, որ լիովին վերահսկում է ջրային ուղին, որտեղ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է նավատորմ տեղակայել տանկերներին ուղեկցելու համար։
Կորպուսի ռազմածովային ուժերի պաշտոնյա Մոհամմադ Աքբարզադեի խոսքով՝ նեղուցով անցնող ցանկացած նավ կարող է վնասվել հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից։
«Ներկայումս Հորմուզի նեղուցը գտնվում է Իսլամական Հանրապետության նավատորմի լիակատար վերահսկողության տակ», - ասել է Ակբարզադեն հայտարարությունում, որը տարածել է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Իրանի քրդական զինված խմբերը վերջին օրերին քննարկումներ են անցկացրել ԱՄՆ-ի հետ՝ Իրանի արևմտյան հատվածում անվտանգության ուժերի դեմ հնարավոր հարձակումներ իրականացնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։
Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող այդ խմբերը պատրաստվում են հնարավոր գործողության։ Աղբյուրների խոսքով՝ գործողության նպատակն է թուլացնել Իրանի իշխանություններին և հնարավորություն ստեղծել երկրի ընդդիմադիր ուժերի համար։
Վերջնական որոշում հնարավոր գործողության և դրա ժամկետների մասին դեռ չի ընդունվել։
Reuters-ի աղբյուրները նշում են, որ քննարկվում է ԱՄՆ-ի աջակցությունը, այդ թվում՝ հնարավոր զենքի մատակարարումը։
ԱՄՆ պաշտոնական կառույցները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
ԱՄՆ ոչ էական անձնակազմին և ընտանիքի անդամներին թույլատրվել է լքել Կիպրոսը
Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Կիպրոս մեկնելուց, իսկ արտակարգ իրավիճակերում գործողություններին չներգրավված պետական աշխատակիցներին և նրանց ընտանիքներին թույլ է տվել լքել երկիրը «անվտանգության ռիսկի պատճառով»։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ բարձրացրել է Հորդանանի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի անվտանգության ռիսկի մակարդակը։
ԱՄՆ քաղաքացիներին հանձնարարվել է լքել տարածաշրջանի տասնյակից ավելի երկրներ։