Իսրայելական բանակը հարկադիր տեղահանման նոր հրահանգ է տվել Բեյրութի հարավային արվարձանների Հարեթ Հրեյք թաղամասի բնակիչների համար։
Բանակը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաքի քարտեզը՝ կարմիր գույնով նշված շենքերով, և զգուշացրել է, որ մարդիկ պետք է փախչեն այդ վայրից՝ պնդելով, որ դա «կապված է «Հեզբոլա»-ի հետ»։
«Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգության համար դուք պարտավոր եք անհապաղ լքել այս շենքերը և հեռու մնալ դրանցից առնվազն 300 մետր հեռավորության վրա, ինչպես նշված է քարտեզում»,- ասվում է բանակի հայտարարությունում:
ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA) հայտնում է, որ փետրվարի 28-ից ի վեր Իրանում սպանվել է 1097 խաղաղ բնակիչ։
Գործակալության տվյալներով՝ նրանցից 181-ը 10 տարեկանից փոքր երեխաներ էին։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների թիվը հասել է 5402-ի, այդ թվում՝ 100 երեխա։
Կազմակերպությունը նշում է, որ միայն վերջին 24 ժամում Իրանի վրա տեղի է ունեցել առնվազն 104 հարձակում։ Դրանք հարվածել են ռազմաբազաներին, բժշկական կենտրոններին և բնակելի թաղամասերին:
Հարյուրավոր այլ մահվան դեպքերի մասին հաղորդագրությունները ուսումնասիրվում են։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի իշխանությունների կողմից Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին փոխարինելու համար նշանակվող ցանկացած առաջնորդ «անվիճելի թիրախ» կդառնա։
Նրա խոսքով՝ ով էլ շարունակի Իրանի քաղաքականությունը, որը, ըստ Կացի, ուղղված է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ, կհամարվի թիրախ։
«Կարևոր չէ՝ ով է կամ որտեղ է թաքնվում»,- X-ում գրել է նախարարը։
Կացը նաև հավելել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ միասին շարունակելու է գործողությունները՝ թուլացնելու Իրանի իշխանությունների հնարավորությունները և պայմաններ ստեղծելու, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա փոխել իշխանությունը։
Շրի Լանկայի զինվորականները փրկել են առնվազն 30 մարդու, որոնք եղել են Շրի Լանկայի ջրերին մոտ խորտակվող իրանական նավի վրա, խորհրդարանում հայտարարել է երկրի արտգործնախարար Վիջիթա Հերաթը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկարարական գործողություն են սկսել այն բանից հետո, երբ իրանական նավից օգնության ազդանշան էր ստացվել։
Արտգործնախարարը հավելյալ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ Շրի Լանկան կձեռնարկի համապատասխան քայլեր։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավը օգնության ազդանշան էր ուղարկել երկրի հարավում գտնվող Գալլե քաղաքի մոտ, իսկ տուժածներին տեղափոխել են Գալլեի հիվանդանոց։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված հարվածները կարող են հակասել միջազգային իրավունքին։
«Առաջին հայացքից թվում է, որ դրանք չեն համապատասխանում միջազգային իրավունքին», — ասել է Քարնին Սիդնեյում անցկացվող Lowy Institute-ի միջոցառման ժամանակ։
Իրանը որևէ մտադրություն չունի բանակցելու Միացյալ Նահանգների հետ և կարող է Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Այս մասին պետական հեռուստատեսությանը հայտարարել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը։
«Իրանը չի վստահում ամերիկացիներին և որևէ հիմք չունի նրանց հետ բանակցելու համար։ Մենք կարող ենք շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան ցանկանանք», - պետական հեռուստաալիքով հայտնել է Մոխբերը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատություններին։ Մադրիդը հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ ինքնաթիռներին օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ հարվածներ իրականացնելու համար։
«Իսպանիայի կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել 2 բառով՝ ոչ պատերազմին», - հեռուստատեսությամբ հայտարարել է նա:
Թրամփը նախօրեին սպառնացել էր դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրը։
«Մենք չենք դառնա այնպիսի գործողությունների մասնակից, որոնք վնասակար են աշխարհի համար և հակասում են մեր արժեքներին ու շահերին», - ասել է Իսպանիայի վարչապետն՝ ընդգծելով՝ վախից դրդված քայլերի չեն դիմի։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին»՝ հարձակվելով Իրանի վրա բանակցությունների ընթացքում:
«Երբ բարդ միջուկային բանակցություններին վերաբերվում են որպես անշարժ գույքի գործարքի, և երբ մեծ ստերը մթագնում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող արդարացվել: Արդյունքը՞։ Չարությունից դրդված ռմբակոծել բանակցությունների սեղանը», - սոցցանցում գրել է Աբբաս Արաղչին:
Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի վրա սուզանավի հարձակման հետևանքով առնվազն 101 մարդ անհետ կորել է, իսկ 78-ը՝ վիրավորվել։ Լուրը հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերի և պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ այսօր երեկոյան կսկսվի սպանված գերագույն առաջնորդի հոգեհանգստի արարողությունը, որը երեք օր կտևի: Ալի Խամանեիին փոխարինողի մի քանի հնարավոր թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ որդու՝ Մոջթաբա Խամենեիի անունը:
Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ ով էլ փոխարինի Խամենեիին և շարունակի նույն քաղաքականությունը, «անվիճելի թիրախ» կդառնա իրենց համար: «Կարևոր չէ՝ ով է կամ որտեղ է թաքնվում»,- սոցցանցում գրել է Իսրայել Կացը: