Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

18:10 5.5.2026

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Եթե Իրանը պատրաստ չէ կատարել գործարքի իրեն բաժին հասած մասը կամ կնքել պայմանագիր, ապա ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գտնվում է մարտական պատրաստվածության վիճակում»,- ասել է Հեգսեթը՝ հավելելով, սակայն, որ «հույս ունեն, որ դա տեղի չի ունենա»։

17:36 5.5.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել մոտ երկու-երեք շաբաթ։

ABC News-ի փոխանցմամբ՝ նա այս կանխատեսումն արել է Hugh Hewitt Podcast-ին տված հարցազրույցում, նշելով, որ հակամարտությունը կարող է շարունակվել ևս երկու կամ երեք շաբաթ, բայց Վաշինգտոնը չի կենտրոնանում հստակ ժամկետների վրա։

Թրամփը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք հրադադարի ռեժիմն ավարտված է, հատկապես երբ երեկ հարվածներ էին հասցվել Միացյալ Արաբական Էմիությունների տարածքին։

Միացյալ Նահանգների նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի հարստացված ուրանը կարող է «կիրառելի չլինել», միևնույն ժամանակ նշելով, որ ցանկանում է այդ հարստացված ուրանը «վերահսկողության տակ վերցնել»։

15:07 5.5.2026

Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հարավային Կորեան հայտնել են, որ երեկ Հորմուզում իրենց նավերը հարձակման են ենթարկվել, իսկ Ֆուջեյրա նավթային նավահանգստում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Մի շարք երկրներ դատապարտել են այս հարձակումները: Իրանցի պաշտոնյան, ում անունը չի նշվում, ասել է, որ դրանք Հորմուզում ԱՄՆ «արկածախնդրության» ուղիղ հետևանքն են:

15:04 5.5.2026

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան երկու ռազմանավ հետ են մղել իրանական հարձակումը, անցել Հորմուզի նեղուցը և մտել Պարսից ծոց, որտեղ 800-ից ավելի նավ և շուրջ 20,000 անձնակազմ դեռ արգելափակված է:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս գործողության ժամանակ ԱՄՆ զինուժն իրանական յոթ մոտորանավակ է խոցել: Թեև իրանական պետական Tasnim-ը հերքել է նրա հայտարարությունը՝ նշելով, թե երկու փոքր բեռնատար նավ է խոցվել, ինչի հետևանքով հինգ քաղաքացիական անձ է զոհվել։

10:18 5.5.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանը «կվերանա երկրի երեսից», եթե թիրախավորի Հորմուզի նեղուցը վերաբացել ցանկացող ամերիկյան նավերը:

Զգուշացումը հնչում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը առաջ է տանում ծովային գործողություն՝ ուղեկցելու առևտրային նավերին Պարսից ծոցում, որտեղ ավելի քան 800 նավ և շուրջ 20,000 անձնակազմ մնացել են փակված նեղուցի երկայնքով:

Մայիսի 4-ին Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Իրանի պաշտոնյաները վերջին բանակցություններում դարձել են «շատ ավելի ճկուն»։


08:52 5.5.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարում է՝ Հորմուզի իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում չկա:

«Քանի որ բանակցությունները առաջընթաց են գրանցում Պակիստանի բարեհամբույր ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որ չարամիտների կողմից կրկին ճահիճ չքաշվի։ Նույնը պետք է անեն նաև ԱՄԷ-ն։ «Ազատություն» նախագիծը փակուղի է», - X-ում գրել է Արաղչին։

20:49 4.5.2026

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված երեք հրթիռները, հաղորդում է Reuters գործակալությունը։

Դրան զուգահեռ, իրանական հարվածային ԱԹՍ-ն թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։

«Հարվածի հետևանքով Հնդկաստանի երեք քաղաքացի հոսպիտալացվել է», - հաղորդում են տեղական իշխանությունները։

19:27 4.5.2026

Վաշինգտոնը հերքել է լուրերը, թե իրանական զինուժն ամերիկյան ռազմանավ է հրթիռակոծել Հորմուզում: Ըստ Կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերն ակտիվորեն աջակցում են նեղուցում նավագնացությունը վերականգնելու ջանքերին։ Դրանց շնորհիվ՝ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ արդեն հաջողությամբ անցել է նեղուցով, նշել է հրամանատարությունը:

19:26 4.5.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Միացյալ Նահանգներին և Իրանին կոչ է արել համատեղ վերաբացել Հորմուզի նեղուցը։

«Ամենից առաջ մենք ուզում ենք Միացյալ Նահանգների և Իրանի կողմից համակարգված վերաբացում, դա Հորմուզի նեղուցի վերաբացման միակ լուծումն է, որը թույլ կտա Հորմուզի նեղուցը վերաբացել մշտապես, ապահովել ազատ նավարկությունը և դա անել առանց սահմանափակումների կամ վճարների»,- ասել է Մակրոնը Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ:

«Մենք չենք մասնակցելու որևէ ռազմական գործողության, որի շրջանակն ինձ համար պարզ չէ», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

«Եթե Միացյալ Նահանգները պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, դա շատ լավ է։ Դա այն է, ինչ մենք խնդրել ենք հենց սկզբից», - հավելեց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծեց Լիբանանում հրադադարի պահպանման կարևորությունը:

16:47 4.5.2026

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ժամեր առաջ կանխել են ամերիկյան ռազմանավերից մեկի մուտքը Հորմուզի նեղուց։

«Մեր ռազմածովային ուժերի վճռական և օպերատիվ նախազգուշացման շնորհիվ կանխվել է ամերիկյան սիոնիստական թշնամական ուժերի էսկադրային ականակրի մուտքը Հորմուզի նեղուց»,-հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական տելեգրամյան ալիքը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG