Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Թրամփին: Արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ սպառնալիքները և կշարունակի հակահարված տալ այնքան, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են հարվածները:
«Մենք չենք հանդուրժի պատերազմի, բանակցությունների, հրադադարի և այնուհետև նույն օրինաչափության կրկնության այս արատավոր ցիկլը: Սա անարդար պատերազմ է, որը պարտադրվել է Իրանի ժողովրդին։ Մենք այլընտրանք չունենք, քան վճռական հակահարված տալը», - ասել է Էսմայիլ Բաղային:
ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանում Վաշինգտոնի գործողությունների ընթացքում ցուցաբերած անբավարար աջակցության համար:
Դոնալդ Թրամփը պնդել է, թե ԱՄՆ նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունը չէր, սակայն դա արդեն տեղի է ունեցել: Նա պնդել է, թե Իրանի դեմ ռազմական գործողությունն անհրաժեշտություն էր, քանզի եթե չմիջամտեին, Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել: Իսկ միջուկային Իրանն «անընդունելի սպառնալիք» է ԱՄՆ համար:
Թեհրանը կշարունակի պատերազմը Մերձավոր Արևելքում այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն բախվել «ափսոսանքի» և չեն հանձնվել:
Թեհրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաքարիի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, որում նա հայտնել է՝ Վաշինգտոնը մի քանի շաբաթվա ընթացքում «չափազանց ուժեղ հարված» կհասցնի Իրանին:
Զոլֆաքարին պնդել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռազմական ներուժի գնահատականները «թերագնահատված» են եղել:
«Իրանն ակտիվացնում է իր ռազմական գործողությունները՝ իր հակառակորդների համար նախապատրաստելով «ավելի ջախջախիչ, մասշտաբային և կործանարար» հարձակումներ», - հավելել է նա:
Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում է հետ մղել իր ուղղությամբ արձակված հրթիռների և անօդաչու սարքերի հարձակումները, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունն առավոտյան ժամերին:
Նախարարությունը նշել է, որ հարձակումները իրականացվել են Իրանի կողմից, և զգուշացրել է բնակչությանը երկրի տարբեր հատվածներում լսվող ձայների մասին՝ ընդգծելով, որ իրականացվում են հրթիռների վնասազերծման աշխատանքներ։
Իր ելույթում Թրամփը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին և Պարսից ծոցի մյուս դաշնակիցներին, որոնք հայտնվել են Իրանի հարվածների տակ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրականացնում են «խելահեղ ահաբեկչական հարձակումներ» նավթատարների և հարևան երկրների դեմ, որոնք «ոչ մի առնչություն չունեն հակամարտության հետ»՝ անդրադառնալով էներգակիրների գների աճի վերաբերյալ մտահոգություններին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների մասին։
Այս հաղորդագրությունը հրապարակվել է Թրամփի 19 րոպեանոց ելույթից ընդամենը 15 րոպե անց, որի ընթացքում նա հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմում ռազմավարական գրեթե բոլոր նպատակներին հաջողվել է հասնել, և Թեհրանի ռազմական կարողությունները ոչնչացվել են։
Նավթի գները աճել են, իսկ շուկաները անկում են ապրել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռուստաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ուժեղ» հարվածներ կհասցնի Իրանին։
Իր ելույթում Թրամփը դաշնակիցներին կոչ է արել «քաջություն հավաքել»՝ ապահովելու նավագնացությունը Հորմուզի նեղուցում՝ պնդելով, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չունի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության թիրախներին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում:
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի այդ աշխատանքը՝ հավելելով՝ ամերիկացի զինվորականները հասել են Իրանում իրենց գրեթե բոլոր նպատակներին:
«Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք պատրաստվում ենք չափազանց ուժեղ հարված հասցնել նրանց: Մենք պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է», - ասել է Թրամփը:
Թրամփի «անհեթեթ հայտարարությունները չեն ստիպի մեզ» բացել Հորմուզի նեղուցը «թշնամի» երկրների համար, այսօր հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները։
«Հորմուզի նեղուցին վերաբերող որոշումները կայացնելու են բացառապես Իրանն ու Օմանը»,-իր հերթին, հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում գործող Press TV անգլալեզու ալիքի հետ զրույցում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Թեհրանը ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգներին։
«Իրանի վարչակազմի նոր ղեկավարը հենց նոր մեզանից հրադադար է խնդրել», - Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը:
«Մենք [Իրանի խնդրանքը] կքննարկենք այն ժամանակ, երբ Հորմուզի նեղուցն ապաշրջափակված, անխոչընդոտ և բաց կլինի։ Մինչ այդ շարունակելու ենք ոչնչացնել Իրանը», - գրել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը. Telegraph
Սա այն բանից հետո, երբ դաշնակիցները չեն աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին, հաղորդում է բրիտանական Daily Telegraph-ը:
Թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ երկար ժամանակ կասկածներ է ունեցել ՆԱՏՕ-ի հեղինակության վերաբերյալ։
«Այո՛, ես կասեի՝ [դա] վերանայման ենթակա չէ», - թերթին ասել է ԱՄՆ նախագահը, երբ նրան հարցրել են, թե արդյոք հակամարտությունից հետո նա կվերանայի՞ ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին: