Հարվածները շարունակվում են
Չնայած Վաշինգտոնը հայտարարում է պատերազմի մոտալուտ ավարտի մասին, ամերիկա-իսրայելական ուժերը շարունակել են հարվածներն «Իրանի խորքում գտնվող ստորգետնյա ռազմական թիրախներին»։ Իսրայելը պնդել է, որ հարձակվել է քիմիական զենքի արտադրության մեջ ներգրավված գործարանի վրա։ Իրանը պնդում է, որ այն դեղորայք էր արտադրում։
Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 10 բուժաշխատող է սպանվել:
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, 25-ից ավելի վիրավոր կա: Նաև շարունակել են հարվածները Պարսից ծոցի երկրներին: Կատարի ափերին մոտ լցանավ է խոցվել, տուժածներ չկան: Քուվեյթը հայտարարել է, որ իրանական հարձակման հետևանքով «մեծ հրդեհ» է առաջացրել իր օդանավակայանի վառելիքի պահեստում:
Իրանի աջակցությունը վայելող հութիները, որոնք վերջին օրերին են ակտիվացել, հայտարարել են, որ հրթիռներով հարվածել են Իսրայելի հարավին և խոստացել հետագայում ավելի սաստկացնել հարվածները:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները, քանզի դաշնակիցներն ԱՄՆ-ին չեն աջակցում Իրանի դեմ պատերազմում.
«Կարծում եմ՝ անկասկած, ցավոք, այս հակամարտության ավարտից հետո մենք ստիպված կլինենք վերանայել այդ հարաբերությունները: Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի և այս դաշինքի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով, դա նախագահը պետք է որոշի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Փեզեշքիանը հայտնել է՝ Իրանը «անհրաժեշտ կամք» ունի պատերազմն ավարտելու համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը «անհրաժեշտ կամք» ունի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ավարտելու համար՝ կախված պայմաններից։ Այս հայտարարությունը կարող է ազդակ լինել, որ երկրները կարող են հակամարտության կարգավորման ուղղությամբ շարժվել:
«Մենք անհրաժեշտ կամք ունենք այս հակամարտությունը դադարեցնելու համար, եթե կարևոր պայմանները՝ հատկապես ագրեսիայի կրկնության բացառման երաշխիքներն ապահովվեն», - ասել է Փեզեշքիանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցել են վերջինիս աշխատակազմից։
Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ կերպով անցնել ԱՄԷ-ով
Դուբայում գործող Emirates ավիաընկերության կայքը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ կերպով անցնել Արաբական Միացյալ Էմիրություններով։
Մեկ այլ ավիափոխադրողի՝ Flydubai-ի կայքում ասվում է, որ ԱՄԷ «Ոսկե վիզա» ունեցող Իրանի քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել երկիր:
Թրամփը հայտնում է՝ Իրանում պատերազմը կարող է ավարտվել 2-3 շաբաթում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել արդեն հինգ շաբաթ ձգվող Իրանի վրա ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանի հետ գործարքի կնքումը հակամարտության դադարեցման նախապայման չէ։
«Շատ շուտով դուրս կգանք», – նախօրեին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է նախագահ Թրամփը՝ հավելելով, որ դուրս գալը կարող է տեղի ունենալ «գուցե երկու, գուցե երեք շաբաթվա ընթացքում»։
Հարցին, թե արդյոք Իրանի հետ դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելը նախապայման է ավարտելու այն, ինչ ԱՄՆ-ն անվանել է «Էպիկական ցասում» գործողություն, Թրամփը պատասխանել է՝ ոչ:
«Իրանը պարտավոր չէ գործարք կնքել, ոչ», - ասել է Թրամփը։ «Ոչ, նրանք պարտավոր չեն գործարք կնքել ինձ հետ»։
Իսրայելի հարվածներից Բեյրութում զոհեր կան
Լիբանանի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Բեյրութի տարածքում Իսրայելի կողմից հասցված երկու հարվածների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, 24-ը՝ վիրավորվել։ Հարձակումները տեղի են ունեցել Բեյրութի հարավային ծայրամասերում և մայրաքաղաքից մի փոքր հարավ՝ տարածքում գտնվող մեքենաների վրա։
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։
Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Բեյրութի տարածքում իրականացրել են երկու առանձին հարվածներ՝ թիրախավորելով «Հեզբոլլա»-ի ավագ հրամանատարին և խմբավորման մեկ այլ ավագ անդամի, սակայն չեն նշել նրանց անունները և չեն նշել՝ սպանվել են, թե ոչ։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իրանի տարածքում է, սակայն հասկանալի պատճառներով «խուսափում է հայտնվել հանրության առջև», այսօր հայտարարել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը։
RTVI հեռուստաընկերության հետ զրույցում ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ ինքը մինչ օրս Իրանի նորընտիր գերագույն առաջնորդի հետ չի հանդիպել։
Դեդովը նաև հրաժարվել է մեկնաբանել արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով փետրվարի 28-ին վիրավորված Մոջթաբա Խամենեին տեղափոխվել է Մոսկվա բուժման նպատակով։
Առաջիկա օրերը Իրանի համար որոշիչ են լինելու, այսօր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա մեզ հետ»,- ասել է Միացյալ Նահանգների պատերազմի նախարարը՝ պնդելով, որ «խելամիտ լինելու դեպքում Իրանը կգնա համաձայնության կնքման»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է եվրոպացի դաշնակիցներին «Իրանի հարցում Վաշինգտոնին չօժանդակելու համար»։
«Դուք ստիպված եք լինելու սովորել, թե ինչպես են ինքնուրույն մարտնչում, քանի որ ԱՄՆ-ն այլևս ձեր կողքին չի լինի այնպես, ինչպես դուք մեր կողքին չէիք»,-Truth սոցիալական ցանցում այսօր գրել է Թրամփը։
Նա նաև խորհուրդ է տվել եվրոպացիներին ինքնուրույնաբար լուծել էներգետիկ շուկայում ծագած խնդիրները։
«Իրանի պատերազմը ծանր բեռ է համաշխարհային տնտեսության համար», - այսօր հայտարարել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական կառույցներից մեկը՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF):
Հիմնադրամի մասնագետների պնդմամբ՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունները երկարաժամկետ հետևանքներ կարող են ունենալ էներգետիկ շուկայի, միջազգային առևտրի, ֆինանսական շուկաների և մատակարարման շղթաների անխափան գործունեության վրա։