Պակիստանը Իրանի դեմ պատերազմի ավարտին միտված բանակցություններ է վարել Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ: Նախնական քննարկումները կենտրոնացած էին Հորմուզի նեղուցը նավագնացության համար վերաբացելու առաջարկների վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Չորս երկրների արտգործնախարարները Վաշինգտոնին առաջարկներ են ներկայացրել՝ կապված ծովային հաղորդակցության և Հորմուզի նեղուցի բացման հետ: Դեռ հայտնի չէ, թե ԱՄՆ-ն և Իրանն ինչպես կարձագանքեն սրանց:
Պակիստանյան երկու աղբյուրներ հայտնել են, որ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են կոնսորցիում ստեղծել ջրային ճանապարհով նավթի հոսքերը կառավարելու համար և խնդրել են Պակիստանին մասնակցել դրան:
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանը՝ Վաշինգտոնին մեղադրելով ցամաքային հարձակում նախապատրաստելու մեջ:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պնդել է, որ ԱՄՆ-ին հնարավոր բանակցությունների մասին հաղորդագրություններ է ուղարկում, սակայն միաժամանակ գաղտնի պլանավորում է ցամաքային հարված:
«Քանի դեռ ամերիկացիները ձգտում են հասնել Իրանի հանձնվելուն, մեր պատասխանն այն է, որ մենք երբեք չենք ընդունի նվաստացումը»,- ասել է նա ազգին ուղղված ուղերձում:
Իսրայելը շարունակում է օդային հարձակումները Իրանի վրա: Բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Թեհրանի զենքի արտադրության ենթակառուցվածքներին, ներառյալ՝ տասնյակ պահեստներ և արտադրական տարածքներ:
Հինգ մարդ է զոհվել հարավային նավահանգստային Բանդար է Խամիր քաղաքում նավամատույցին հասցված հարվածի հետ7անքով, երկու նավ է ոչնչացվել, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները:
Իսրայելը նաև հարվածներ է հասցրել Լիբանանի թիրախներին՝ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլայի» դեմ իր արշավի շրջանակներում:
Պենտագոնը պատրաստվում է մի քանի շաբաթ տևող ցամաքային գործողությունների Իրանում, հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Միևնույն ժամանակ, դեռևս անորոշ է՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաստատի ցամաքային զորքերի տեղակայման այդ ծրագրերը, նշում է պարբերականը:
Օմանի ԱԳՆ-ն կիրակի հայտարարել է, որ դատապարտում է երկրի տարածքի վրա իրականացված հարձակումները՝ հավելելով, որ մինչ այժմ որևէ կողմ պատասխանատվություն չի ստանձնել։
Գերատեսչությունից հայտնել են, որ իշխանությունները հետաքննում են հարձակումների «աղբյուրներն ու շարժառիթները»՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։
Օմանը շաբաթ հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով աշխատակից է վիրավորվել Սալալայի նավահանգստում։ Ավելի ուշ դանիական կոնտեյներային փոխադրումների Maersk ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը հարձակումից հետո։
Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարը: Իսհաք Դարը հավելել է, որ երկու նավերի թույլատրվել է ամեն օր տարանցել:
Bangkok Post-ը, իր հերթին, հայտնել է, որ Թեհրանը նաև համաձայնել է թաիլանդական նավթային լցանավերը բաց թողնել նեղուցով:
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանուն զոհվել է երեք լրագրող: Իսրայելի բանակը «Հեզբոլա»-ին պատկանող «Ալ Մանար» հեռուստաալիքի լրագրողին մեղադրում է գրոհայինների խմբավորման գործակալ լինելու մեջ:
Պարսից ծոցի երկրների հիմնական ենթակառուցվածքները վտանգված են, իսկ Emirates Global Aluminium ընկերությունը հայտարարել է, որ Աբու Դաբիում իր խոշոր գործարանին զգալի վնաս է հասցվել:
Եմենի հութիները կրկին հարվածներ են հասցրել Իսրայելին: Իրանի կողմից աջակցվող խմբավորումը հայտարարել է, որ առաջիկա օրերին ավելի շատ հարձակումներ կլինեն
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը դատապարտել է «Իրանի հաճախակի փորձերը՝ երկիրը ներքաշելու մերձավորարևելյան հակամարտության մեջ»:
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունները:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի և տարբեր հարթակներում առկա հարցերի։