Քուվեյթի միջազգային օդանավակայանը անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումների է ենթարկվել, որոնք զգալի վնաս են հասցրել նրա ռադարային համակարգին, հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիան:
Ավելի ուշ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումներն իրականացվել են «Իրանի, նրա դրածոների և զինված խմբավորումների կողմից», որոնց աջակցում է Թեհրանը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը, թե որ այն ոչնչացրել է Դուբայում գտնվող ուկրաինական հակաօդային պաշտպանության պահեստը:
Նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին ասել է. «Իրանական ռեժիմը հաճախ է նման ապատեղեկատվական արշավներ իրականացնում»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին ասել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում բանակցություններին և միջնորդությանը աջակցելու համար վստահություն է անհրաժեշտ:
Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ռազմական գործողություններն ու հակամարտությունը դադարեցնելու ջանքերը: Շարիֆը Փեզեշքիանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի երկրների հետ Պակիստանի դիվանագիտական շփումների մասին, ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանի նախագահը X-ում գրառման մեջ դիմել է տարածաշրջանի երկրներին՝ հայտարարելով, թե եթե ցանկանում են զարգացում և անվտանգություն, չպիտի թույլ տան, որ Թեհրանի հակառակորդները «պատերազմեն ձեր հողերի վրա»:
Իրանի Սպահան քաղաքում հրթիռակոծությունների հետևանքով ազգությամբ հայ քաղաքացի է զոհվել՝ Սիմոնյան ազգանունով, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ հղում անելով Թեհրանից ստացված տեղեկությանը:
Նշվում է, որ Արամ Ա կաթողիկոսը կապի մեջ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրների թեմերի պատասխանատուների հետ:
Թեհրանի թեմից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին տեղեկացրել են, որ վերջին օրերին Թեհրանն ու Սպահանը ենթարկվում են սաստիկ հրթիռակոծությունների:
Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հաստատել են, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ներկայիս պատերազմի ընթացքում առաջին անգամ հարձակվել են Իսրայելի վրա:
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ աշխատում է Եմենից արձակված հրթիռը որսալու ուղղությամբ:
Խումբը հայտարարել է, որ հրթիռակոծությունն իրականացվել է Իրանում, Լիբանանում, Իրաքում և պաղեստինյան տարածքներում ենթակառուցվածքների շարունակական գնդակոծությունից հետո՝ հավելելով, որ իրենց հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել «ագրեսիան» բոլոր ճակատներում:
Պարսից ծոցի մի քանի երկրներ հայտնում են նոր հարվածների մասին: ԱՄԷ-ն հայտարարել է, որ իր ՀՕՊ համակարգը որսացել է բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Իրանից:
Իրավապաշտպանների գործակալությունը, որ տեղակայված է ԱՄՆ-ում, հայտնում է, որ Իրանում հակամարտության առաջին ամսվա ընթացքում սպանվել է 1464 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ առնվազն 217 երեխա:
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ն հույս ունի այս շաբաթ հանդիպումներ անցկացնել Իրանի հետ, և Վաշինգտոնը սպասում է 15 կետանոց գործարքի պատասխանին, որը քննարկման փուլում է:
Սաուդյան Արաբիայում Արքայազն Սուլթան ավիաբազային Իրանի հարվածից առնվազն 12 ամերիկացի զինվոր է վիրավորվել, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին ամերիկյան աջակցությունը՝ Իրանի հետ պատերազմում օգնության բացակայության պատճառով:
«ՆԱՏՕ-ն սարսափելի սխալ է թույլ տվել, երբ փոքր քանակությամբ ռազմական սպառազինություն չի ուղարկել, երբ նրանք նույնիսկ չեն ընդունել, թե ինչ ենք մենք անում ամբողջ աշխարհի համար, որ մենք դիմակայում ենք Իրանին»,- մարտի 27-ին Մայամիում ասել Է Թրամփը:
Սպիտան տան ղեկավարը հարցրել է, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն օգնի ռազմական դաշինքին, եթե դա փոխադարձ չէ: