Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ լրացուցիչ մի շարք միջոցառումներ կկիրառվեն՝ Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով էներգիայի գների աճը մեղմելու նպատակով։
Հեռուստատեսային ուղերձում Միցոտակիսը նշել է, որ կառավարությունն ապրիլ և մայիս ամիսների համար նախատեսել է 300 միլիոն եվրո աջակցություն՝ տնային տնտեսությունների և ֆերմերների համար։ Սուբսիդիաներն ուղղված են դիզելային վառելիքի, բենզինի և պարարտանյութերի արժեքի նվազեցմանը։ Նախաձեռնության մի մասը նաև նպատակ ունի զսպել կղզիներ գնացող լաստանավերի տոմսերի գների բարձրացումը։
Իրանն իր հերթին այսօր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Երեկ էլ հրթիռակոծել էր իսրայելական Արադ և Դիմոնայ քաղաքները, հաղորդվում է 130-ից ավելի վիրավորի մասին:
Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազային և Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմին:
Չնայած չդադարող հարվածներին՝ Թեհրանում երեկոյան հանրահավաք է անցկացվել, որի մասնակիցներն աջակցություն են հայտնել կառավարությանը և նշել, թե ԱՄՆ-ը և Իսրայելը ոչ մի բանի չեն հասել այս պատերազմով:
Այսօր հարձակման են ենթարկվել Իրանի Թեհրան, Խորամաբադ, Ահվազ, Ուրմիա և Թավրիզ քաղաքները, կան զոհեր և վիրավորներ:
Բանդար Աբբասում ռադիոկայանի աշխատակից է սպանվել:
ԱՄՆ զինուժը հայտարարել է, որ հարվածել է Ղոմ նահանգում գտնվող տուրբինային շարժիչների արտադրամասի, որը բաղադրիչներ է ապահովում անօդաչուների և ինքնաթիռների համար։
Պատերազմն ու Հորմուզի նեղուցի փակ լինելը շարունակում են ցնցել համաշխարհային շուկաները: Brent տեսակի նավթը դեռ վաճառվում է բարձր՝ մոտ 107 դոլարով մեկ բարելի դիմաց:
Ոսկու գինն այսօր կտրուկ՝ 6 տոկոսի անկում է գրանցել և վաճառվում է մեկ ունցիան 4,214 դոլարով, ինչը անցած տարվա դեկտեմբերի 11-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Միջազգային էներգետիկ գործակալությունն ավելի վաղ զգուշացրել է, որ աշխարհը բախվում է ավելի վատ էներգետիկ ճգնաժամի, քան 1970-ականներին նավթի շուկայի ցնցումներն ու Ուկրաինայի պատերազմի հետևանքները միասին վերցրած։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ 22 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներ, համակարգում են ջանքերը՝ վերաբացելու Հորմուզի նեղուցը:
Հայաստանն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով, ԱԺ-ում հայտնեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ այդ մասին ավելի վաղ չեն հայտարարել, քանի որ «շեփորահարելու անհրաժեշտություն չեն տեսել»:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազգային արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը հայտնում է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը «ներկայումս արձագանքում են հրթիռային սպառնալիքին»։
Վարչությունը կոչ է անում հանրությանը «մնալ անվտանգ վայրում»։
Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանի օբյեկտներին:
Իրանական պետական ԶԼՄ-ները, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի հետ կապված «Ֆարս» լրատվական գործակալությունը, հաղորդել են քաղաքի ողջ տարածքում տեղի ունեցած պայթյունների մասին:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարում է, որ իր թիրախը Թեհրանում «ահաբեկչական ենթակառուցվածքն» է:
Իսրայելի բանակը նախազգուշացրել է իր քաղաքացիներին, որ Իրանի և Լիբանանում «Հեզբոլա»-ի դեմ պատերազմի ավարտին մնում է «ևս մի քանի շաբաթ»:
ՊԲ ներկայացուցիչ, գեներալ Էֆի Դեֆրինը մարտի 22-ին հեռուստատեսային ելույթում նշել է, որ օրեցօր «ավելի ու ավելի են թուլացնում ահաբեկչական ռեժիմին Թեհրանում»։
Նա հայտարարել է, որ «Հեզբոլա»-ի դեմ ցամաքային արշավը կուժեղանա առաջիկա շաբաթ:
Հորմուզի նեղուցը փակ չէ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, թե նավերը տատանվում են, քանի որ ապահովագրողները վախենում են պատերազմից:
«Նավարկության ազատությունը չի կարող գոյություն ունենալ առանց առևտրի ազատության։ Հարգեք երկուսն էլ, հակառակ դեպքում՝ ոչ մեկն էլ չեք ունենա», - նշել է նա: