Իրանի կարևորագույն ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները մեծ վնաս են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով, այսօր այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը՝ հավելելով, որ ջանքեր են գործադրվում վնասը վերականգնելու համար։
Իրանի հրթիռային հարվածների հետևանքով Իսրայելի երկու քաղաքներում ավելի քան 100 մարդ վիրավորվել է
Հաղորդվում է, որ Արադ քաղաքում վիրավորվել է 84 մարդ, որոնցից 10-ը ծանր վիճակում են, մոտակա Դիմոնայում վիրավորվել է 33 մարդ։
«Հակաօդային պաշտպանության համակարգերը գործել են, բայց չեն որսացել հրթիռը, մենք կհետաքննենք միջադեպը և դասեր կքաղենք դրանից», - X-ում գրել է Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը:
Հարավում տեղի ունեցած հարվածներից հետո Իսրայելի կրթության նախարարությունը հրամայել է բոլոր դասարաններն անցնեն առցանց ուսուցման:
«Շատ ծանր երեկոյից» հետո՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Իրանին և նրա դաշնակիցներին:
Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համար
«Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում ամբողջովին չբացի Հորմուզի նեղուցն առանց սպառնալիքի, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը սահմանափակումներ է սահմանել միայն Իրանի դեմ հարձակումներին մասնակցող երկրների նավերի համար և կօգնի այն երկրներին, որոնք կխուսափեն հակամարտությունից։
Իրանը Իսրայելի Դիմոնա քաղաքի վրա հրթիռային հարձակում է իրականացրել
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելի Դիմոնա քաղաքի վրա հրթիռային հարձակումը, որտեղ գտնվում է միջուկային օբյեկտ, «պատասխան» էր Նաթանզում գտնվող Իրանի սեփական միջուկային օբյեկտի վրա ավելի վաղ հասցված հարվածին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավոր չեղարկել է իրանական նավթի ծովային գնումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբից ի վեր էներգամատակարարման ճնշումը մեղմելու համար։
«Միացյալ Նահանգները մոտ 140 միլիոն բարել նավթ կհասցնի համաշխարհային շուկաներ՝ օգնելով մեղմել Իրանի կողմից մատակարարման վրա առաջացած ժամանակավոր ճնշումները», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
Ռուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Նովրուզի կապակցությամբ և նշել, որ Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը, հայտնել է Կրեմլը:
«Վլադիմիր Պուտինը Իրանի ժողովրդին մաղթել է արժանապատվորեն հաղթահարել ծանր փորձությունները և ընդգծել, որ այս դժվարին ժամանակահատվածում Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերը և հուսալի գործընկերը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Ռուսաստանը դատապարտում է Իրանի Նաթանզի օբյեկտի վրա հարձակումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է շաբաթ օրը Իրանի Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա տեղի ունեցած հարձակումը։
«Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», - հայտարարության մեջ ասել է նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Մոդին դատապարտել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ միաժամանակ վերահաստատելով նավագնացության ուղիների բաց և անվտանգ մնալու կարևորությունը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում՝ սկսած կիրակի օրվանից, Միացյալ Նահանգները և Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները:
«Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ահաբեկչական ռեժիմի և դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կաճի», - պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությում ընդգծել է Կացը:
ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
«Թասնիմ»-ը հավելել է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել, և տարածքի մոտակայքում գտնվող բնակիչները վտանգի տակ չեն եղել։