Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

12:41 20.3.2026

Իրանի հարվածներն Իսրայելին

Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, կան ավերածություններ: Տուժածների մասին չի հաղորդվում:

Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսի ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Բահրեյնում, ԱՄԷ-ում:

ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության տվյալներով՝ Իրանում զոհերի թիվը հասել է 3186-ի:

12:02 20.3.2026

Պատերազմի 21-րդ օրը Իսրայելը հայտարարել է, որ շարունակել է ավիահարվածները Իրանի «ահաբեկչական ենթակառուցվածքներին» Քարաջ, Քերման քաղաքներում, Հորմոզգան նահանգի Լենգե նավահանգստում և Թեհրանում, որտեղ հզոր պայթյուններ են լսվել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ ամերիկա-իսրայելական հարվածներից սպանվել է կառույցի խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նաինին:

11:27 20.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ակնարկել է, որ մտադրություն չունի ամերիկյան զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք:

«Ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա պլանավորում է ավելի շատ զինծառայողներ ուղարկել տարածաշրջան։

«Եթե ցանկանայի, չէի ասի ձեզ։ Բայց ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի»։

Ռոյթերս լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանում հազարավոր ամերիկացի զինվորականներ տեղակայելու հնարավորությունը՝ Իրանի դեմ գործողությունների շրջանակը ընդլայնելու համար:

09:12 20.3.2026

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ կարծում է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան «մարդիկ կարծում են»։

«Ես նույնպես տեսնում եմ, որ այս պատերազմը կավարտվի շատ ավելի արագ, քան մարդիկ կարծում են», - մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նեթանյահուն։

19:54 19.3.2026

ԱՄՆ-ն և Իսրայելը վճռական հաղթանակ են տանում Իրանի դեմ պատերազմում, ռազմական գործողությունների 20-րդ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Փիթ Հեգսեթը նշել է, որ ռազմարշավի նպատակները նույնն են, ինչ առաջին օրը. - «Ոչնչացնել հրթիռները, հրթիռային արձակման կայանքները, Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան, որպեսզի չկարողանան վերակառուցել, նավատորմը, և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի»:

Նախարարը քննադատել է լրատվամիջոցների մի մասին, իր պնդմամբ, պատերազմն անազնիվ լուսաբանելու համար, ապա պնդել, որ ոչնչացվել է Իրանի ռազմական արդյունաբերության օբյեկտների մեծ մասը: Հեգսեթը վստահեցրել է՝ պատերազմը կշարունակվի այնքան, մինչև հասնեն դրված նպատակներին: Ըստ նրա՝ Իրանը լավ գիտի, որ Խարգ կղզուն հարվածելը ԱՄՆ-ին վերահսկողություն է տալիս երկրի ճակատագրի նկատմամբ:

Ամերիկացի պաշտոնյան նաև հաստատել է մամուլի հրապարակումները, որ Պենտագոնը պատրաստվում է դիմել Կոնգրեսին՝ պատերազմը շարունակելու հավելյալ ֆինանսավորման համար: Ըստ The Washington Post-ի՝ Հեգսեթը հավելյալ 200 միլիարդ է պահանջելու:

18:12 19.3.2026
15:26 19.3.2026

Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումների ֆոնին։ Միջազգային շուկայում Brent-ի մեկ բարելը վաճառվել է մոտ 116 դոլարով՝ երեկվանից մոտ տասը տոկոս ավելի թանկ։

Բարձրացել է նաև գազի գինը՝ իրանական Հարավային Փարսին՝ աշխարհում գազի ամենամեծ պաշար ունեցող հանքավայրին հասցված ավիահարվածներից հետո։

12:17 19.3.2026

Պատերազմի 20 օրերին Իրանում սպանվել է առնվազն 1456, վիրավորվել 18,667 մարդ: Լիբանանում զոհերի թիվը 968 է, վիրավորներին՝ 2220-ից ավելի: Իսրայելում սպանվել է 17 մարդ, վիրավորվել 3727-ը: Իրաքում զոհերի թիվը հասել է 60-ի, որոնք հիմնականում Իրանի աջակցությունը վայելող Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի անդամներ են:

12:15 19.3.2026

Իրանի արտգործնախարարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Շվեդիայի իր պաշտոնակիցների հետ։ Աբբաս Արաղչին քննարկել է «Իրանի դեմ ռազմական ագրեսիան և դրա տարածաշրջանային ու գլոբալ հետևանքները»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է հղել Անվտանգության խորհրդին, քննադատելով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանության վերաբերյալ նրա շարունակական լռությունը, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Պարսից ծոցի 12 երկրի արտգործնարարարներ երեկ հանդիպել են Ռիյադում, ինչից հետո Իրանին կոչ են արել դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրներին:

12:10 19.3.2026

Իսրայելը հայտարարել է՝ պատերազմի ընթացքում առաջին անգամ հարվածել է Իրանի հյուսիսին: Իրանի արևմտյան Դորուդ քաղաքում ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են բնակելի շենքի, սպանվել է 12, վիրավորվել 116 մարդ:

Թեհրանում երեկ հարգանքի տուրք են մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին: Իրանցիները նաև այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշներն ու Դոնալդ Թրամփի և Բենյամին Նեթանյահուին պատկերող մանեկեները:

Զուգահեռ իսրայելական բանակը շարունակել է հարվածները Լիբանանին: Բանակը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ավելի քան 20 մարտիկ է սպանել երկրի հարավում:

Իրանն իր հերթին մի քանի հարձակում է գործել Իսրայելի վրա: Տուժածների մասին չի հաղորդվում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG